Կաթողիկոսարանի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ ուղղված 1915թ.-ի դեպքերին.
«Կարդացինք Ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի պատգամը՝ ուղղված հայությանը։ Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և գործադրված նախահայրերի՛դ, Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Ա. վեհափառը։