Գավառի արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով:
ՀԺ-ի հարցին ի պատասխան այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության քննիչ Արմեն Միքայելյանը՝ ցույց տալով դեպքի վայրից արդեն հայտնի դարձած տեսանյութի կադրերը. «Տեսանյութում երեւում է, որ Պարոնիկյանի ավտոմեքենայի կանգնելուց հետո նրա մեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաեւ Արմեն Հայթյանի ավտոմեքենան, եւ կրակահերթ է արձակվում. առաջինը հենց սպանվում է Պարոնիկյանը, ընկնում է գետնին, ապա՝ Վահե Ավետիսյանը:»
Միքայելյանի խոսքով՝ Արմեն Հայթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար):
Դատարանի որոշմամբ Հայթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Զոհրաբ Պարոնիկյանը 2013-14 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ մասնագետ. 2014 թվականից ծառայության էր անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Մյուս սպանվածը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ուներ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: