«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է ամենաշատ հարկ վճարող ընկերությունը: Սա երևում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից: Նա վճարել է մոտ 26.3 մլրդ դրամի հարկեր:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում հարկատուների ցանկը գլխավորում էր «Հայռուսգազարդը»: Այս տարի այն երկրորդ հորիզոնականում է` ավելի քան 25,3 մլրդ դրամ վճարված հարկերով:
Երրորդ և չորրորդ տեղերը նույնպես այս տարի փոխվել են` երրորդում «Ղ տելեկոմն» է, չորրորդում` «Ալեքս Գրիգը», մինչդեռ անցած տարի հակառակն էր:
Հինգերորդ և վեցերորդ տեղերում ինչպես այս, այնպես էլ անցած տարի եղել են«Արմենիա տելեֆոն կոմպանին» և «Ֆլեշը»:
Այս տարի ցանկի առաջին տասնյակում է հայտնվել «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը: Իսկ տասնյակի ցուցակից դուրս է մնացել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Տասնյակի մյուս ընկերություններն են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գեո պրո մայնինգ գոլդը» և «Սիփիէս օիլ քորփորեյշնը»: