տուն Տնտեսական «ՀայՌուսգազարդը» լրացուցիչ գումար է գանձել «Ալիշանից» և դա թաքցնելու համար վթարի ենթարկել...

«ՀայՌուսգազարդը» լրացուցիչ գումար է գանձել «Ալիշանից» և դա թաքցնելու համար վթարի ենթարկել գործարանը

165
0

hayrusgazard

«ՀայՌուսգազարդը» տարիներ շարունակ անօրինական ձևով լրացուցիչ գումարներ է գանձել «Ալիշան» ՍՊԸ-ից՝ սպառված գազի նկատմամբ կիրառելով չափազանց բարձր՝ 1.2-1.9 գործակից: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, «Ալիշան» ՍՊԸ հիմնադիր, սեփականատեր և տնօրեն Սերժիկ Մոսեսյանը, նույն ընկերության աշխատակից Խաչատուր Թադևոսյանը, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Նախատեսված 0.9-1 գործակցի փոխարեն ձմռանը կիրառելով մինչև 1.8-1.9 գործակից՝ «ՀայՌուսգազարդը» 100 հազար խորանարդ մետր լրացուցիչ գազի գումար է շորթել 3 տարում՝ հիմնականում պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունից: Իսկ երբ վերջիններս բողոքել են «ՀայՌուսգազարդին»՝ ապացուցելով, որ չէր կարելի այդքան բարձր գործակից կիրառել, «ՀայՌուսգազարդը» իր սխալը թաքցնելու համար ավելացրել է գազի ճնշումը՝ ցույց տալու համար, թե կարելի էր կիրառել բարձր գործակից: 40 միլիբարից 300 միլիբար դարձված ճնշումը վթար է առաջացրել գործարանում, ընդ որում այնպիսի վթար, որ կարող էր պայթեցնել կաթսայատունն ու աշխատակիցների մահվան պատճառ դառնալ:

«Իրանց քանի անգամ ասել ենք՝ հիմնավորեք ու վերանայեք ձեր էդ գումարները, որ մեզանից ստանում եք: Երբ որ ասել ենք՝ չենք վճարելու մինչև չվերանայեք, մեր գազն են անջատել նոյեմբերի 26-ին: Ամսի 9-ին ստիպված վճարել եմ 3.6 մլն դրամ, որ գազը միացնեն, որից հետո եկել, պլոմբները հանել, ճնշումն ավելացրել են: Բայց մեր սարքավորումները ունեն իրենց անձնագրերը, որ բարձր ճնշման տակ կաթսայատունը պայթյունավտանգ է, պիտի ցածր լինի»,- ասաց Ս. Մոսեսյանը:

Տեսնելով, որ բարձր ճնշումն անթույլատրելի էր ու կարող էր պայթեցնել գործարանը, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները կրկին եկել և թուլացրել են ճնշումը: Այդ ամենը «Ալիշանի» աշխատակիցները ֆիքսել են՝ նկարելով կապարակնքիները, որոնք որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները փոփոխել են՝ ճնշումը բարձրացնել-իջեցնելու համար:

«Ալիշանի» հիմնադիրը ավելի շատ վրդովված էր ոչ թե նրանից, որ իրենից լրացուցիչ գումար են շորթում, այլ, որ պատրաստ են անգամ պայթեցնել իր գործարանը՝ իրենց սխալը չընդունելու համար: «Գազի գրասենյակը իրանց սխալը թաքցնելու համար պատրաստ էր գործարանս պայթեցնել, աշխատողներիս կյանքի հետ խաղալ: Ես ընտանիքս, ամեն ինչը թողել, բերել եմ այս երկիր: Իմ գործարանը էս ճգնաժամում կարողացել եմ պահել ամռանը, ձմռանը, կենսաթոշակային էլ եմ տալիս՝ ամսական 1.5 մլն-ի չափով, որովհետև, չնայած սեզոնայնությանը, ձմռանն էլ եմ պահում աշխատողներիս: Բայց էս ձևով չեմ կարող դիմանալ այլևս, պիտի փակեմ՝ թողնեմ-գնամ, եթե էս հարցը չլուծվի»,- ասաց Ս. Մոսեսյանը՝ հավելելով, որ հնարավոր էէ նաև դատարան դիմի և ներկայացնի բոլոր ապացույցները, եթե  խնդիրը շատ արագ լուծում չստանա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here