տուն Հասարակություն Կրթություն «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. «Հայկական ժամանակ»

«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. «Հայկական ժամանակ»

544
0

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի եւ նույնքան էլ շարունակվում են քննարկումներն ու կարծիքների բախումները, թե ինչքանով է այդ առարկայի գոյությունը նպատակահարմար, որքանով է դա կրոնի քարոզ եւ ընդդեմ մարդու իրավունքների ու Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Թեման այս ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվել է օրակարգում: Որոշ իրավապաշտպան ակտիվիստներ, կրոնական փոքրամասնություններ եւ աթեիստներ պարբերաբար մտահոգություն են հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պարտադիր դասավանդվելու վերաբերյալ: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն, օրինակ, 2016 թ. դեկտեմբերին բաց նամակով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով, որ պետությունը ոտնահարել է եզդի երեխաների կրոնական ազատության իրավունքը՝ իրականացնելով կրոնական դաստիարակություն եւ ոչ քրիստոնյա աշակերտների դավանափոխություն՝ դպրոցում որպես պարտադիր առարկա դասավանդելով Հայոց եկեղեցու պատմությունը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը մի առիթով նկատել է, որ դասագրքերի բովանդակությունը միանշանակ եկեղեցու պատմություն չէ, այլ գաղափարախոսության քարոզչություն: «Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել ծնողներից, որ դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, որոնք ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել: Ուսուցիչներն ամոթանք են տալիս այն աշակերտներին, որոնց ծնողներն այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջեւ նրանց անվանում աղանդավորներ: Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում, մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին»,- պատմել է Դանիելյանը:

Հետհեղափոխական Հայաստանում «Հայոց եկեղեցություն պատմություն» առարկայի լինել-չլինելու հարցը հերթական անգամ ծառացավ, ու թեմայի շուրջ սկսվեցին քննարկումներ: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է այս տարվա հունվարին, քննարկման է առել նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը շարունակելու անհրաժեշտությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վերջերս խոսելով հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից դուրս գալու հնարավորության մասին, ասել էր. «Մեր առջեւ նման հարց չի բարձրացված: Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, պարզապես մենք մեր համատեղ հանդիպումների ընթացքին անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, սակայն, հակված են վիճահարույց առարկան չպահպանելու եւ այն ինտեգրված ձեւով ուսուցանելու տարբերակին: Նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, մեր զրույցում արձագանքելով կաթողիկոսի դիտարկումներին, ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

«Հարցը քննարկելիս մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ինչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաեւ քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն եւ հասկանան հայ եկեղեցու կարեւորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում: Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Կրթական գերատեսչության համար այդ նպատակը հստակ է: «Հայոց եկեղեցին մեծ կարեւորություն է ունեցել հայ ժողովրդի պատմության գործում՝ հայապահպանությունից սկսած մինչեւ շատ-շատ հարցեր: Եվ աբստրակտել սա պատմությունից ու ցույց տալ առանձին՝ որպես զուգահեռ պատմություն՝ ե՛ւ մեթոդաբանական, ե՛ւ դասավանդման, ե՛ւ ուսումնառության, ե՛ւ նաեւ փորձագիտական տեսանկյունից սխալ է: Այսինքն՝ լավագույնս դա պետք է անենք՝ պատմության մեջ ճիշտ ձեւով ճիշտ ժամաքանակ հատկացնելով: Իսկ եթե արժեքային հենքի մասին է խոսքը, ապա մենք ունենք արվեստ, մշակույթ, ունենք հայագիտություն. այս բոլոր առարկաների միջոցով այդ արժեքային հենքը ձեւավորվում է սովորողների մոտ»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նախարարությունն, ըստ նրա, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան տեսնում է որպես ինտեգրված առարկա՝ հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակներում:

«Ինտեգրված տարբերակով սովորեցնելը լավագույն մեթոդն է, որով կարող է մեր եկեղեցու դերն ու կարեւորությունն արժեւորվի հասարակությունում: Արհեստական առանձնացնելով՝ իրականում մեծ չարիք արեցին սովորողներին, որովհետեւ հիմա երեխաները նախ չեն պատկերացնում, որ դրանք նույն բանն են, եւ կան անվերջ բողոքողներ»,- շարունակեց փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here