Այսօր «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել հայկական պանիրը Ռուսաստանից հետ ուղարկելու մասին: Ընկերությունը հայտարարել է՝ ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո հայկական պանիրն առանց հիմնավորման վերադարձվեց Հայաստան:
Հայկական արտադրանքն առաջին անգամ չէ, որ Վերին Լարսի անցակետում հարկադիր կանգնեցվում է: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարիներին եւս «Սպայկա» ընկերության արտահանվող արտադրանքը Վերին Լարսի անցակետում խնդիր է ունեցել: Խոսքը վերաբերում է հայկական մրգին ու պտուղ-բանջարեղենին:
Ուշագրավ է այն, որ Վերին Լարսի մաքսային ծառայությունը, մեր աղբյուրների տեղեկացմամբ, նման իրավիճակ է ստեղծում, երբ ավելանում են հայկական արտահանվող ապրանքի ծավալները: Ռուսական շուկա է արտահանվում նաև թուրքական եւ ադրբեջանական արտադրանք, հետևաբար կասկած կա՝ այս իրավիճակը քաղաքական պատվերի արդյունք է. գուցե Լարսի մաքսային ծառայությունը «պատվեր» է ստացել թուրք-ադրբեջանական տանդեմից՝ խոչընդոտելու հայկական արտադրանքի մուտքը ռուսական շուկա: Ու դրա առաջին քայլը լաբորատոր փորձաքննությունն է:
Խնդրին քաջատեղյակներն ասում են, որ լաբորատոր փորձաքննությունը հստակ ժամկետ չի նախատեսում արտադրանքի ստուգման համար: Ավելին՝ «Սպայկային» հայկական պանրի ծագման ընկերության խոսքով, փորձաքննության անհասկանալի արդյունքը բանավոր են փոխանցել, գրավոր պատասխանն էլ մինչ օրս չկա: Ու մինչ ընկերությունը իրավական քայլեր կձեռնարկի՝ նամակ ԵԱՏՄ-ին, դատական հայց, այս ժամանակահատվածից անարգել կօգտվի թուրք-ադրբեջանական տանդեմը:
Տեղեկացնենք, որ «Սպայկա» ընկերությունը նախորդ տարիներին դատական հայց է ներկայացրել փորձաքննություն իրականացնող լաբորատորիայի դեմ եւ հաղթանակ գրանցել, սակայն դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվում, քանի որ աշխատելու մեխանիզմը Վերին Լարսում նույնն է:
Մի տեղեկություն եւս. արտահանվող պանիրը վերջերս Հոլանդիայում դեգուստացիայի ժամանակ արժանացել է դրական խոսքերի, որից հետո օտարերկրյա ներդրողները հետաքրքրվել են Հայաստանում կաթի վերամշակման արտադրություն հիմնելով, սակայն Վերին Լարսի այս իրավիճակը հազիվ թե ոգեւորի նրանց՝ բիզնես գործունեություն ծավալել:
Արտահանողները հույս ունեն՝ ՀՀ կառավարությունը, որը տեղյակ է խնդրին, զգալի ու դրական արդյունքներ կգրանցի՝ նման իրավիճակներից հետայսու խուսափելու: Սակայն Վերին Լարսին այլընտրանք գտնելու ճանապարհը օրեցօր դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:
Սոնա Դավթյան