տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Ոստիկանանական «բեսպրեդել»

«Հայկական Ժամանակ». Ոստիկանանական «բեսպրեդել»

91
0

hjՇաբաթ օրը ՝ նոյեմբերի 2-ի կեսգիշերին, Երևանի Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pab»–ում հաճախորդներից երկուսի միջև շարքային վիճաբանություն է տեղի ունեցել և վիճաբանողներն իրենց ծանոթների հետ դուրս են եկել «փաբից» ՝ հարաբերությունները դրսում պարզելու համար։ Երբ վիճաբանությունն առանց լուրջ հետևանքների ավարտին է մոտենալիս եղել, «փաբից» դուրս է եկել մի անձնավորություն, մոտեցել փողոցում կայանված սև «Հունդայի էլանտրա» 80 LL 909 համարանիշի ավտոմեքենային, ներսից հանել ատրճանակը և պահել հավաքված տասնյակ երիտասարդների ուղղությամբ։ Ականատեսներից մեկը պատմեց հետևյալը. «Ատրճանակը մեքենայից հանեց, ցուցադրական «զարիժատ» արեց, պահեց մարդկանց վրա ու ընդգծված լկտի տոնով գոռաց՝ «սաղիդ կկրակեմ, արա», ու ամենավերջին հայհոյանքները սկսեց տեղալ չնայած հավաքվածների մեջ շատ էին աղջիկները»։

Ականատեսի պնդմամբ, այդ պահին նրան են մոտեցել մոտերքում հերթապահող «կարմիրբերետավորները», նրանից վերցրել են զենքն ու մի կողմ տարել։ Սակայն, անմիջապես ետ են վերադարձրել զենքը։ Դրանից հետո «կրակողը» մտել է «փաբ», հաշիվը փակել ու հեռացել։ Ականատեսները ճանաչել են տվյալ անձնավորությանը և մեր թղթակցին հայտնել, որ նա ոստիկանության աշխատակից է՝ քրեական վարչությունից, սակայն անուն-ազգանունը չգիտեին։ Մեզ հաջողվեց պարզել նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն-ազգանունը ՝ Հովհաննես Բալյան, գտանք հեռախոսահամարն ու զանգահարեցինք։ Հեռախոսազանգին պատասխանած անձը

հայտնեց, որ ինքը Հովհաննեսը չէ, բայց ուշագրավ է, որ մեր հարցերից նա բոլորովին անակնկալի չեկավ։ Կարճ հեռախոսազրույցը ներկայացնում ենք բառացի.

— 80 LL 909 պետհամարանիշի Հունդայի կանտրա ավտոմեքենան ձեզ է պատկանում:

— Էտի մեզ ա պատկանում, մեր վարորդն ա քշում, ի՞նչ ա պատահել։

— Ձեր մեքենան տեսել են շաբաթ օրը գիշերը, Թումանյան-Սարյան խաչմերուկում գտնվող «90’s Cafe-Pab»-ի մոտ։ Դուք ե՞ք վարել այդ օրը այդ ժամին։

— Վարորդն ա վարում, ճիշտն ասած, իր ա քայլերով չեմ հետաքրքրվում էլի, ազիզ ջան։

— Ձեր վարորդի մոտ հաճախ է ատրճանակ լինում։

— Իր ա մոտ ամեն ինչ էլ լինում ա։

— Իսկ օրինական է այդ ամեն ինչը լինում։

— Այո, օրինական։ Դու հիմա զանգել ես զապիս ես անում, ի՞նչ ա քո ուզածը։ Եթե ինչ-որ բան ա կատարվել, դիմեք ոստիկանություն։ Ես վարորդի քայլերին չեմ հետևում, ես ուզում եմ իմանամ, ինչ եք դրանից հետո հարցնում։

— Իսկ դուք որտեղ եք աշխատում։

— Բավարարված ե՞ք պատասխանից, իմ պատասխանով բավարարված ե՞ք։ Հետո կզրուցենք հիմա հարմար չի։

Հետաքրքիր է՝ ՀՀ ոստիկանությունը գոնե ձևի համար կպարզի՞, թե ով է ոստիկանության այդ աշխատակիցը, գոնե ձևական կպատժի՞, թե՞ «բարեվարքումը» հենց այսպիսի վարք է նախատեսում ոստիկանների համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here