«Չնայած մամուլի պնդումներին, թե Սերժ Սարգսյանը որոշել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, այս օրերին ՎՊ նախագահի թեկնածուի շուրջ լարված բանակցություններ են ընթանում։ Նախօրեին մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է Իշխան Զաքարյանն Աժ ժուչոկներից հեռու, խորհրդարանի այգում երկար ու ծանր բանակցում Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ (հիշեցնենք, ՎՊ գրասենյակը գտնվում է Աժ տարածքում)։ Ի դեպ, նմանատիպ բանակցություններ ընթանում էին նաև այս հունիսին՝ ՎՊ նախորդ տարվա սկանդալային հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելու օրերին և ակնհայտ էր, որ Ի. Զաքարյանն իր ասելիքը մանրամասնորեն ճշտում է նախագահականի հետ։ Մեր տեղեկություններով, Զաքարյանն իր վերանշանակվելու մասին մամուլի հրապարակումներից անհանգստացած է և ուզում է հավելյալ երաշխիքներ ստանալ, որ դրանք զգոնությունը թուլացնելու համար չեն։
Այս թեմայով նա դեռ խոսակցություն չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ, և վերջինս նրան կընդունի, թերևս, նոյեմբերի 5-ին, երբ կլրանա Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը։ Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նոր օրենքի ընդունման դեպքում ՎՊ նախագահի աշխատավարձը կդառնա 992 հազար դրամ, ներկայիս 788 հազարի փոխարեն։ ՎՊ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, որին սպասարկում է պետության կողմից գնված զրահապատ ավտոմեքենա։ Այդպիսի արտոնություն ունեն միայն Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, Աժ-ում ընթացող բյուջետային քննարկումներին Զաքարյանը երեկ ներկա չի եղել։ Նշվել է, որ պատճառը նրա վատառողջ լինելն է։ ՎՊ-ին վերաբերող 2014թ-ի բյուջեի նախագծի հատվածը ներկայացրել է Զաքարյանի տեղակալը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։