«Հյուսիսային պողոտայի՝ օրերս մեկնարկած վերանորոգումից հետո նոր ստորգետնյա հատվածում առևտրահասարակական գոտի է գործելու։ Այս մասին վկայող պաստառ է փակցված պողոտայի այն մասում, որտեղ արդեն շինարարություն է ընթանում։ Հոկտեմբերին Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեզ հայտնել է, որ Հյուսիսային պողոտայի վերանորոգման համալիր ծրագիրը կֆինանսավորի «Տաշիր գրուպ» ընկերությունը։ Իսկ ավելի վաղ՝ մայիսի 4-ին, մեր թերթը գրել է այն մասին, որ պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիներում թիվ 8 և 10 շենքերի տակ, «Տաշիր գրուպ»–ը «բուտիկներ» է կառուցելու։ Հիմա պարզ է դառնում, թե ինչպես է ստացվել, որ գործարար Սամվել Կարապետյանի ընկերությունը հանձն է առել ֆինանսավորել Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծրագիրը։ Նշենք, որ Հյուսիսային պողոտա 8 և 10 շենքերի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այս նախագծին՝ մատնանշելով դրա հետ կապված մի շարք գործոններ ու ռիսկեր։
Մասնավորապես՝ ապագա «բուտիկների» տարածքը մասն է կազմում հանրային կայանատեղիի, գետնի տակ հակահրդեհային անվտանգության համակարգ չկա, առաստաղը ցածր է, խանութների համար չհարմարեցված։ Հյուսիսային պողոտայի համալիր վերակառուցման շինարարության ավարտը նախատեսված է 2014թ. մարտի 4-ին։ Նախագծի ճարտարապետներն են Նարեկ Սարգսյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Շինարարությունն իրականացնում է Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա Շին» ԱՊԸ-ն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։