տուն Քաղաքական Միջազգային Հայաստան-Թուրքիա. մշուշոտ հորիզոններ

Հայաստան-Թուրքիա. մշուշոտ հորիզոններ

352
0

serjgyul

Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստական փուլում և հանդիպումից հետո գծագրվեցին մի շարք իրողություններ, որոնք նախանշում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  նոր փուլի սկզբնավորումը, միաժամանակ առաջ են քաշում մի շարք սկզբունքային և արմատական հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են նոր հայեցակարգային մոտեցումներ:

Նախ նշենք, որ այս հանդիպման կազմակերպման մեջ նախաձեռնողականությունը պատկանում էր Միացյալ Նահանգներին` ի տարբերություն նախորդի, որն անցավ  այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանու ներքո: Հանդիպման նախապատրաստական փուլում, սակայն, Ջոն Քերիի գրեթե անմիջական միջամտությամբ ոչ պաշտոնական օրակարգում հայտնվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունները: Պատահական չէ, որ այս հանդիպուման շուրջ Քերին զրուցեց Դավութօղլուի հետ: Միաժամանակ թուրքական կողմը կրկին առաջ քաշեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման այսպես ասած՝ «փաթեթային» տարբերակը, համաձայն որի՝ Հայաստանը հանձնում է Ադրբեջանին իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից երկուսը, հնարավորություն տալիս Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, և սրանից հետո բացվում են հայ-թուրքական սահմանները:

Թուրքական  Aksam պարբերականում 2014 թվականի վերաբերյալ թուրքական քաղաքականության ծրագրում նշվում էր նաև, որ 2014-ը լինելու է թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման տարի: Այստեղ արդեն մենք կանգնում ենք բավական կարևոր մի խնդրի առաջ:

Նախ՝ Թուրքիան դարձյալ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով. սա, բնականաբար, նոր մոտեցում չէ: Ավելին` ֆուտբոլային տխրահռչակ դիվանագիտության ձախողումից հետո սկզբունքային առումով կողմերի դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել,  և այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ պետք է վերսկսվեն հայ-թուրքական բանակցությունները: Թերևս, այս խնդիրների շուրջ բանակցություններով պայմանավորված՝ Հայաստան է հրավիրվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նստաշրջանին: Ամենայն հավանականությամբ, Դավութօղլուն կգա Երևան. այս մասին է վկայում թուրքական կողմի ցուցաբերած ակտիվությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Մյուս կողմից՝ այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում կան մի շարք կասկածելի տարրեր, որոնց թվում, իհարկե, առաջիկա 2015 թվականն է: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բավական ակտիվ ու լայնածավալ աշխատանք է տարվում և Հայաստանում, և Սփյուռքում: Այս պայմաններում հայ-թուրքական հարաբերությունները դառնում են փորձաքար, քանի որ, ասենք, ԱՄՆ նախագահների կողմից Ցեղասպանություն բառը չարտասանելը, Ցեղասպանության փաստը չճանաչելը հիմնականում պատճառաբանվում էր հայ-թուրքական հարաբերություններին  չվնասելու ցանկությամբ: Այսինքն՝ 2015-ին ընդառաջ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը Թուրքիան կարող է շահարկել Ցեղասպանության ճանաչման դեմ քարոզչության համար:

Թե ինչ կերպ իրեն կդրսևորի հայաստանյան դիվանագիտությունը այս խնդիրներում՝ դժվար է ասել, չնայած մինչ օրս հայաստանյան արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները լավատեսական տրամադրություններ չեն արթնացնում:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here