Հռոմում կայացել է «Ռոմա» ակումբի նորեկ, Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջին մամուլի ասուլիսը:
Ի թիվս այլ հարցերի, լրագրողները Մխիթարյանից հետաքրքրվել են, թե արդյոք նրա մոտ խնդիրներ չեն ծագի Թուրքիա այցելելիս, ինչպես դա եղել էր մայիսին Ադրբեջանի հետ կապված, երբ Եվրոպայի լիգայում «Ռոման» կխաղա «Իսթամբուլ Բաշաքշեհիրի» հետ»: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«Ո՛չ, ես Թուրքիայում խնդիրներ չեմ ունենա, քանի որ մենք արդեն այնտեղ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և ես էլ այնտեղ եղել եմ որպես ֆուտբոլիստ: Հայաստան-Թուրքիան նույնը չէ, ինչ Հայաստան-Ադրբեջանը: Այո՛, Թուրքիայի հետ հին պատմություն կա, սակայն այնտեղ մարդիկ մոռացել են այդ մասին: Ես երբեք Թուրքիայում խնդիրներ չեմ ունեցել, երբ խաղացել եմ հավաքներում, Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում: Չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ խնդիրներ կունենամ»,- ասել է Մխիթարյանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը նաև նշել է, որ ինքը Հռոմ է եկել «ոչ թե ժամանակ անցկացնելու», որ ուզում է ոչ միայն պարզապես խաղալ «Ռոմայի» համար, այլև պայքարել հաղթանակի դափնիներ նվաճելու համար, և վստահ է, որ ակումբի մյուս խաղացողներն էլ նույնկերպ են տրամադրված: