Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը, որի շրջանակում, ի թիվս այլ օրինագծերի, պատգամավորները քննարկում են «Հայաստանի Հանրապետության եւ ՉԺՀ-ի կառավարությունների միջև սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի փոխադարձ վիզաների չեղարկման մասին համաձայնագրի վավերացման» օրենքի նախագիծը:
Չնայած Հայաստանի և Չինաստանի հանրապետությունների միջև գործող ռեժիմին, 2019 թվականին մեր երկիր այցելած չինացիների թիվն ավելացել է: Այս մասին քննարկման ժամանակ ունեցած ելույթում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Փոխնախարարի խոսքով, Հայաստան այցելած չինացիների թիվը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ գերազանցելով 14 հազար ցուցանիշը։