տուն Հասարակություն Հայաստանում H1N1-ի՝ «խոզի գրիպի» այլ դեպքեր ևս արձանագրվել են

Հայաստանում H1N1-ի՝ «խոզի գրիպի» այլ դեպքեր ևս արձանագրվել են

186
0

Երեկ 3-ամյա երեխա է մահացել։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխայի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակը՝ H1N1-ը` բոլորիս հայտնի «խոզի գրիպը»։ Սակայն ԲԿ-ից դեռևս վերջնական չեն հաստատում, որ մահվան պատճառը գրիպն է եղել՝ պնդելով, որ հետազոտություններից հետո միայն պարզ կլինի՝ ինչի հետևանքով է երեխայի մահը վրա հասել։

Araratnews.am-ը առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ արդյոք սա այս տարի գրիպի Ա տեսակի միակ արձանագրված դեպքն է, թե այլ դեպքեր ևս արձանագրվել են։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր Հայաստանում արձանագրվել են գրիպի ոչ միայն Ա տեսակի, այլև Բ տեսակի դեպքեր։ 

«1 ամսից ավելի է՝ իրականացվում է մոնիթորինգ ընդհանուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը գնահատելու համար։ Նախորդ շաբաթվա համեմատ պատկերը հուսադրող է։ Եթե նախորդ երկուշաբթի արձանագրվել էր 1100 դեպք, ապա երեկվա դրությամբ 940 դեպք է արձանագրվել»,- հայտնեց Թորոսյանը։

Ինչ վերաբերում է Ա տեսակի գրիպի բարդացան դեպքերին, նա ասաց․ «Բարդացման դեպքեր, որպես այդպիսին, եթե գնահատենք, կապված շնչառական հիվանդություններով կամ թոքային հիվանդություններով, բավականին քիչ են, բայց կան անկողնային հիվանդներ»։

Թորոսյանի խոսքով՝ սեզոնը նպաստող է նման նոզոլոգիաների արձանագրման առումով․ «Այս համատեքստում ամենաշատը տուժում են 0-5 տարեկան երեխաները, որոնք արագ են արձագանքում շնչառական վարակներին»։

Իսկ երեկ մահացած երեխայի մոտ արձանագրված H1N1 տեսակի դեպքի հետ կապված Թոոսյանն ասաց․ «Երեխան ընդունվել է ֆեբրիլ ցնցումներով, ուղեղային խնդիրներով, հետազորտվել է նաև գրիպի նկատմամբ և հայտնաբերվել է H1N1-ը, բայց դեռևս հետազոտություններն ընթացքում են և մինչև չքննարկենք տվյալները, չենք կարող արձանագրել՝ որն է եղել պատճառը»։

Իսկ այս տարի ունեցե՞լ ենք H1N1-ի այլ դեպք․ «Իհարկե, արձանագրվել են H1N1-ի դեպքեր, ինչպես պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելու, այնպես էլ ստացիոնար։ Այս պահի դրությամբ՝ H1N1-ով բարդ դեպք, որպես այդպիսին, որը պահանջում է վերակենդանացման բուժում, մենք չունենք։ Ավելին, այս պահին ՀՀ-ում տարածված է գրիպի Ա տեսակը, գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ։ Այս վիրուսների ամբողջականությունը սեզոնային է և օրինաչափ»,- եզրափակեց նա։