տուն Քաղաքական Վերլուծական Հայաստանում փորձում են անկայունացնել բանկային համակարգը

Հայաստանում փորձում են անկայունացնել բանկային համակարգը

487
0

Հեղափոխության օրերին բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ երկրի տնտեսությունը չփլուզվեց, դրամի արժեզրկում տեղի չունեցավ: Այսօր՝ կորոնավիրուսի  պայմաններում էլ, երբ Հայաստանում արտակարգ դրություն է, բանկային համակարգն աշխատում է, դոլարի փոխարժեքի կտրուկ տատանում չկա, դրամի արժեզրկում՝  բարեբախտաբար եւս: Մայիսի 4-ից էլ տնտեսական որոշ սահմանափակումների վերացումից հետո տնտեսական կյանքն էլ փոքրիշատե կարծես հունի մեջ է ընկնում:

Այս ամենը, սակայն, չէր կարող «անտարբեր» թողնել հանրության կողմից մերժված իշխանության ներկայացուցիչներին: Տեսնելով, որ քաղաքական էժանագին մեթոդներով չեն կարողանում վերադառնալ, ապօրինի ծագման գույքի մասին օրենքն էլ ուժի մեջ է, որոշել են հարվածել  իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ֆինանսական համակարգը ցնցումների մեջ գցելով: Վերջիններս, երեւի թե, չեն գիտակցում՝ ֆինանսական համակարգի, Աստված մի արասցե, կոլապսը չի շրջանցելու նաև իրենց, կամ, ինչպես Փաշինյանը կասեր, իրենցից թուլափայ ստացողները եւս կտուժեն:

Թեմային անդրադառնալու պատճառ դարձավ Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած միջադեպը, որն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ:

 Մի խումբ քաղաքացիներ այսօր Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա են արել եւ դժգոհել վարկային կազմակերպությունների բարձր տոկոսներից, հնչեցրել վիրավորական խոսքեր, տարածել ապատեղեկատվություն:

Կենտրոնական բանկը, ի պատասխան բողոքի ակցիայի, հայտարարել է՝ պատրաստ է ընդունել քաղաքացիներին, սակայն նրանք մերժել են առաջարկը եւ պահանջել հարցերը լուծել փողոցում: Ավելին, քաղաքացիները հնչեցրել են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկություններ, վիրավորական արտահայտություններ Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին:

Չնայած այս ամենին, Կենտրոնական բանկը ընդունել է քաղաքացիների գրավոր դիմումը՝ քննարկելու:

Հ.Գ. Յուրաքանչյուր քաղաքացի վարկ վերցնելիս պետք է գիտակցի դրա ռիսկերը եւ  մինչեւ վարկային պայմանագիր ստորագրելը հասկանա՝ կկարողանա՞ այդ պարտավորությունը կատարել, թե՞ ոչ: Բացի այդ՝ Կենտրոնական բանկն ընդամենը  վերահսկողի դերում է, այս կամ վարկային կազմակերպությանը լիցենզիա տվողը եւ դրանից զրկողը: Քաղաքացիները պիտի գիտակցեն՝ մեր երկրի ֆինանսական համակարգի, ընդհանրապես բիզնեսմենների, աշխատող եւ արարող մարդկանց հասցեին անթույլատրել է հնչեցնել վիրավորական խոսքեր, տարածել ստահոդ տեղեկություններ, քանի որ երկրի, տնտեսության կայուն հիմքերից մեկը ֆինանսական համակարգն է, որին պետք է զգույշ վերաբերվել հատկապես վարակի օրերին: