Հայաստանում տարեկան 35-36 հազար կին հետազոտվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Ավելի հաճախ ենք սկսել ունենալ հետազոտման դեպքեր, տեղեկացվածության բարձրացման արդյունքում հոսքը շատացել է»,-ասում է Հակոբյանը:
Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքերը, ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալների, ամսական կազմում են 35-ից 40 դեպք: Վերջին տարիներին, ինչպես ասում են մասնագետները, հիվանդությունը երիտասարդացել է՝ դիմում են նաեւ 24-27 տարեկան աղջիկներ:
«Քաղցկեղի երիտասարդացումը գրանցվում է ամենաշատը հայ եւ հրեա ազգերի մոտ: Սակայն ամենաշատ հանդիպող դեպքերը լինում է 45-55 տարեկանում: Մեր կենտրոնի գոյության 17 տարիների ընթացքում հետազոտվել են 325 164 հոգի, որից 8000-ը հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով»,- ասում է Հակոբյանը:
Նա նշում է, որ 35-45 տարեկան կանայք պետք է հետազոտվեն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Իսկ մինչեւ 30 տարեկան կանայք կարող են հետազոտվել, եթե գենետիկորեն իրենց հարազատների մոտ եղել է կրծքագեղձի քաղցկեղ:
«Քաղցկեղն այն հիվանդությունն է, որը բուժում չունի, բայց ունի կանխարգելում: Կինը պարտավոր է տարին մեկ անգամ հետազոտվել եւ հայտնաբերել հիվանդությունը, որը հնարավոր է կանխարգելել վիրահատական փոքր միջամտությամբ»,- ասում է Հակոբյանը:
Մեկանգամյա հետազոտման համար սահմանվել է 20 հազար դրամ: Սակայն հաշվի առնելով հասարակության սոցիալական վիճակը, կենտրոնը սահմանել է անվճար հետազոտությունների անցկացում հաշմանդամների, բազմազավակ մայրերի, պատերազմի մասնակցած ազատամարտիկների ընտանիքների կանանց համար:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծագեղձի քաղցկեղ: Օրվա մեջ 10-12 մարդ հետազոտվում է անվճար: Ըստ կենտրոնի տվյալներիˋ ՀՀ մարզերում կրծքագեղձի քաղցկեղի ամենաշատ հանդիպող դեպքերը լինում են Գեղարքունիքի մարզում:
Մասնագետները նշում են, որ Հայաստանում եզակի դեպքեր են լինում նաեւ, որ տղամարդիկ են կրծքագեղձի քաղցկեղ ունենում: Կենտրոնի գործունեւթյան 17 տարիների ընթացքում հետազոտվել է 800 տղամարդ, որից 32-ը ունի կրծքագեղձի քաղցկեղ:
Լիլիթ Առաքելյան