Այսօր սոցիալական կայքերում շրջանառվում էր մի խումբ հասարակական գործիչների հայտարարություն, որի հեղինակներն իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինայի ընդդիմությանը:
Araratnews -ը այդ հայտարարության շուրջ զրուցեց հեղինակներից մեկիˋ Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը:
— Մենք գտնում ենք, որ ժամանակն է այս զարգացումները բաց լինեն ու համարժեք գնահատականներ տրվեն: Հայտարարությունը բաց է, նրանում արտահայտված մտքերը կիսողները կարող են ազատորեն ստորագրել հայտարարության տակ:
—Ի՞նչ ճակատագիր կունենա ի վերջո Մայդանը:
-Բարդ է ասել, բայց ինչքան ինձ է հաջողվում տեսնել, ընդդիմությունը բազմազան մարտավարություն է կիրառում. կան բանակցողներ, կան կռվողներ, ովքեր չեն պատրաստվում հրապարակը լքել: Խիստ վճռական են, ու չեմ կարծում, թե նման հետևողականության արդյունքում կարող է տանուլ տան:
Իհարկե երեկվա նորությունները ևս հաստատում են իմ կարծիքը: Խոսքս Ուկրաինայի նախագահի միջնորդավորված խոստումներն են արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և երեկվա՝ Ռադայի քվեարկությունն այն մասին, որ «հակաահաբեկչական» օպերացիան ավարտված է և հատուկ ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքերը:Սա խոսում է ընդդիմության լայն իմաստով հաջողությունների մասին:
—Հայաստանում նման սցենար հնարավո՞ր է:
-Ոչ իհարկե, որովհետև մի քանի կարևոր տարբերություններ կան, որոնք անհնար են դարձնում դեպքերի նման զարգացումը Հայաստանում: Դրանցից կարևորագույնը Ուկրաինայում միացյալ ընդդիմության դիրքորոշումն է Եվրաինտեգրման վերաբերյալ և Հայաստանի ընդդիմության նման միացյալ կարծիքի բացակայությունը: Ուկրաինայում ընդդիմության թիկունքում լեգալ փողեր ու լեգալ տնտեսություն կա, ինչը ևս բացակայում է հայաստանյան ընդդիմության դեպքում, որովհետև Հայաստանում ցանկացած մեծ գործարար, ով կհամարձակվի սատարել ընդդիմությանը, մեծ հարձակման կենթարկվի իշխանությունների կողմից: Ուկրաինայում նման բան չկա: Երրորդ հանգամանքը Ուկրաինական սփյուռքի միացյալ դիրքորոշումն է Եվրաինտեգրացիայի վերաբերյալ, որը ևս մեր դեպքում չկա: Չորրորդն Ուկրաինական հեռուստատեսությունների առանձնահատկությունն է, որոնք հիմնականում ապահովում են բազմակարծությունը եթերում, ինչը Հայաստանի պարագայում բնականաբար չկա: Ի վերջո Ուկրաինան չունի երկու փակ սահման, ի տարբերություն մեզ՝ ունի ելք դեպի ծով և այլն: