2014 թ. ապրիլին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարությունը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ փաստաթղթի վրա բավական երկար աշխատանք է տարվել:
«Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ. ռազմավարության ընդունման հիմնական խնդիրը նմանատիպ հիվանդություններով մարդկանց վրայից խարանը հանելը, նրանց սոցիալականացնելն ու իրավունքները պաշտպանելն է: Սա կարևոր նշանակություն ունեցավ այս ոլորտում հիվանդների համար: Մենք փորձել ենք որդեգրել միջազգային լավագույն փորձը հոգեկան հիվանդությունների բուժման ոլորտում: Ապահովելով հոգեկան հիվանդների իրավունքները՝ մենք ամրագրում ենք վերջիններիս իրավունքները՝ ապրել ոչ թե հոգեբուժական հիվանդանոցներում, այլ ինտեգրվել ընտանիքում ու հասարակությունում»,- ասում է նա:
«Կարծում եմ սա շատ լուրջ քայլ է,- ծրագրի մասին ասում է հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին,- ես բավական մեծ փորձ ունեմ նախկին խորհրդային պետություններում և պետք է ասեմ, որ այլ երկներում 10-15 տարի է պահանջվում միայն հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները քննարկելու համար, սակայն Հայաստանում պետական ու հասարակական սեկտորի համատեղ ուժերով շատ արագ քննարկվեց, մշակվեց ու ընդունվեց այս կարևորագույն հայեցակարգը: Արդյունքում, մենք կարող ենք ասել, որ ունենք բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկված, մշակված և արդեն ընդունված այդ ռազմավարությունը»:
«Ինչ վերաբերում է ռազմավարություններին, ապա ես պետք է ասեմ, որ այս ռազմավարությունը լիովին համահունչ է Միացյալ Ազգերի կազմակերպության՝ հաշմանդամների իրավունքների վերաբերյալ կոնվենցիային: Շատ երկրներում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ աշխատում են, և նրանց շատ քիչ մասն է հիվանդությունը ձեռք բերել գենետիկ ճանապարհով»,- ասում է փորձագետը:
«Այսօրվա դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 46330 հոգեկան և վարքային խանգարումներով անձ, բայց խնդիրներ ունեցողները միայն դիմողները չեն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հասարակության 3-7%-ի մոտ լինում են այս կամ այն լուրջ խանգարումները: Բնակչության, մոտավորապես, 3/4-ը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունենում է հոգեկան կամ վարքային այս կամ այն խանգարումը»,- ասում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: