Սահմանադրական դատարանը մերժեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ-ի որոշումը: Լրագրողներն այսօր հարցրին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հրայր Թովմասյանի հայտարարությանը հրաժարական չտալու մասին եւ այն քննադատությանը, թե ԱԺ որոշման հիմքերը թույլ էին: Ալեն Սիմոնյանն ասաց՝ ենթադրում էին, որ գուցե ԱԺ որոշմանն այլ կերպ պատասխանեին: «Հայաստանում այսօր կա դատական ճգնաժամ, որը լուծվելու է հօգուտ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի՝ Հրայր Թովմասյանի կամքից անկախ: Ով ինչ ուզում է ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ մինչեւ 2030 թվականը մնալու եմ: Չմնաց»,- հիշեցրեց ԱԺ փոխնախագահը:
Ալեն Սիմոնյանը հորդորեց անիմաստ գործողություններ չանել, քանի որ ճգնաժամը լուծվելու է:
Ի՞նչ է անելու «Իմ քայլը» խմբակցությունը ճգնաժամը հաղթահարելու համար: Ալեն Սիմոնյանը փակագծեր չբացեց, բայց հավաստիացրեց՝ խմբակցությունում այդ հարցը քննարկվել է: