տուն Լուրեր Հայաստանում բացվել է աշխարհում երկրորդ ամենամեծ եզդիական սրբավայրը (տեսանյութ)

Հայաստանում բացվել է աշխարհում երկրորդ ամենամեծ եզդիական սրբավայրը (տեսանյութ)

868
0

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի է ունեցել «Թաուսե Մալակի» անվան եզդիական սրբավայրի բացումը:

«Թաուսե Մալակի և յոթ հրեշտակների» սրբավայրը կառուցվել է ռուսաստանաբնակ եզդի բարերար Միրզա Սլոյանի հովանավորությամբ: Տաճարի կառուցման աշխատանքները տևել են շուրջ 2 տարի:

Եզդիներն իրանալեզու ժողովուրդ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին, և նրանք հավատում են միակ Աստծուն:

Թեմայի շուրջ AraratNews.am-ը զրուցել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչ Զուզան Խուբոյանի հետ: Նրա խոսքերով, Շարֆադին կրոնում Թաուսե Մալակը համարվում է աստծո տեղապահներից մեկը և հրեշտակապետը, որը հանդես է գալիս սիրամարգի տեսքով. ««Թաուսե Մալակ»-ի անունը կրող սրբավայրը Հյուսիսային Իրաքի Շանգալ մարզում գտնվող «Սուրբ Լալըշից» հետո աշխարհում ամենամեծ եզդիական սրբավայրն է»:

Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդներից են, որ ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և կրոնը, որը պահպանում են հազարամյակներ շարունակ: Եզդիները տարբերվում են հարևան մահմեդական ժողովուրդներից իրենց բարքերով և ազատություններով: Երբ 12-րդ դարում եզդիական կրոնի հիմնադիր շեյխ Ադի բին Մուսաֆիրը հարձակվում ու նեստորական ասորիներից խլում է Սինջարի լեռներում (Հյուսիսային Իրաք) ծվարած սբ Հովհաննու վանքը` հայտարարելով այն իր հիմնած ուսմունքի գլխավոր և աստվածատուր սրբավայր (Լալըշ), նեստորական հոգևորականությունը այդ ամենին պատասխանում է խոսքով ու գրչով հակադարձմամբ: Չեզոքացնելու համար ասորիների քարոզչությունը՝ ադավի միաբանները գրաճանաչությունը իրենց հոգևոր ենթակայության տակ գտնվող աշիրեթների համար դրեցին արգելքի տակ:

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ 2013 թվականին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները: Նշենք, որ «Թաուսե Մալակից» բացի՝ Ակնալիճ գյուղում բացված տաճարի հարակից տարածքում կա ևս մեկ եզդիական սրբատեղի: Եզդիական սրբավայր է բացվելու նաև Արագածոտնի մարզի Ռիա Թազա գյուղում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here