Բժիշկ Արամ Բադալյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Հայաստանում առաջին անգամ կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո։
Պացիենտը 50 տարեկան տղամարդ էր, որի մոտ հայտնաբերվել էր լեզվի տարածված քաղցկեղ: Հիվանդության կապակցությամբ կատարվել է լեզվի ամբողջական հեռացում` ուռուցքի հետ միասին, որից հետո լեզուն ամբողջությամբ վերականգնվել է կրծքավանդակի կողմնային մակերեսից ձևավորված հատուկ մաշկամկանային անոթավորված և նյարդավորված լաթով:
Առաջին անգամ հայաստանում կատարվող այս վիրահատության բացառիկությունն այն է, որ հնարավոր է եղել վերականգնել ո՛չ միայն լեզվի կառուցվածքը, այլ նաև` շարժունակությունը, ինչն իրականացվել է մաշկամկանային լաթի նյարդերը լեզվի պահպանված նյարդերին միացնելու արդյունքում: Վիրահատությունը տևել է 16 ժամ:
Վիրահատության վիրաբուժական թիմում ընդգրկված էին գլխի և պարանոցի ուռուցքաբան (Արամ Բադալյան), միկրովիրաբույժներ (Իրինա Րեբրիկովա և Ալեքսանդր Մորդովսկի) և դիմածնոտային վիրաբույժներ (Արսեն Շալջյան և Կարեն Վարդանյան): Նրանց առջև դրված էր երկու կարևոր խնդիր. առաջինը` հեռացնել ուռուցքն առավելագույն արմատական եղանակով, որպեսզի կանխվի կրկնությունը, և երկրորդը` վերականգնել լեզվի կառուցվածքը և ֆունկցիաները (կլման ակտը, խոսքը): «Նաիրի» բժշկական կենտրոնում նմանատիպ բարդ վերականգնողական վիրահատությունները կատարվում են մեկ փուլով` ուռուցքի հեռացման հետ միաժամանակ:
Այս վիրահատության արդյունքում կարևոր քայլ կատարվեց ուռուցքի դեմ պայքարում` պահպանվեց լեզվի կարևոր կենսական ֆունկցիաները:
Վիրահատությունից անցել է 9 ամիս, հիվանդության կրկնության նշաններ չեն հայտնաբերվել: Հիվանդն անցել է ճառագայթային թերապիայի բուժական կուրս և գտնվում է մշտական հսկողության տակ»: