Այսօր Վարշավայում կկայանա Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում 11 միավորով 3-րդն է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Ադրբեջանին։ Առաջին հորիզոնականում 12 միավորով Ֆրանսիայի հավաքականն է, որի հետ էլ այսօր կհանդիպեն հայ շախմատիստները։ Ադրբեջանի հավաքականը մրցելու է Հունաստանի հետ։
Հաջող հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականը նախավերջին տուրից առաջ վստահ հանգրվանել է 2-րդ հորիզոնականում՝ երկու միավորով զիջելով ուկրաինուհիներին։ Այսօր երկու թիմերը կհանդիպեն նախավերջին տուրի շրջանակներում։