տուն Քաղաքական Միջազգային Հայաստանի դերն ավելի է բարձրացել

Հայաստանի դերն ավելի է բարձրացել

271
0

arm137104167642

Իրանի հարաբերությունները աշխարհի գերհզորների հետ միշտ էլ հետաքրքրել են հայկական կողմին: Այս երկիրը պատերազմի դժվարին տարիներին և այսօր էլ ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի  համար:Իրանի նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում Արևմուտքի հետ  հարաբերությունները կարծես ջերմացել են, և Իրանի միջուկային  ճգնաժամի հարցում տեղաշարժ է նկատվում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները բնականոն հունով են ընթանում, և կա առաջընթաց. «Իրանը հասել է նրան, որ միջազգային հանրությունը արդեն իսկ հարգում է միջուկային ծրագիր ունենալու նրա օրինական իրավունքը: Եթե փորձենք կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան այս բանակցությունները, ապա մի փոքր բարդ գործ կլինի, սակայն պետք է նկատեմ, որ երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջումների, ինչը արդեն ձեռքբերում է»,- ասաց պարոն Ոսկանյանը AraratNews.am-ի հետ զրույցում:

Վարդան Ոսկանյանը կարծում է, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, եթե կողմերը պահպանեն իրենց դիրքորոշումները, սակայն պետք է նաև հաշվի առնել տարածաշրջանային այն ուժերին, որոնք Արևմուտքի և Իրանի հարաբերությունների բարելավման կողմնակիցը չեն. այդպիսի ուժեր, ըստ բանախոսի, կան նաև ԱՄՆ ներսում:

Իրանագետի  կարծիքով՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմանդինեժադը ևս իր դերակատարումն է ունեցել այս բանակցությունների  կայացման գործում. «Ահմադինեժադի քաղաքականությունը հնարավորություն տվեց Իրանին հասնել այսօրվա իրողությանը: Եվ հենց նրա քաղաքականություն էր, որ, կենցաղային լեզվով ասած, Իրանին սակարկելու տեղ թողեց: Եթե երկարաժամկետ կտրվածքով դիտարկենք Իրանի քաղաքականությունը, ապա պետք է նկատենք , որ Ահմադինեժադը Իրանի միջուկային ծրագիրը արժևորեց, իսկ ներկա նախագահը կարողացավ իր համար ընդունելի պայմաններով գնալ փոխզիջման»,- ասաց իրանագետը:

Հայ-իրանական հարաբերությունների հետ կապված՝ իրանագետը կարծում է, որ Հայաստանի դիրքերը ավելի ամրացան, երբ նա հայտարարեց Մաքսային միություն մտնելու մտադրության մասին. «Փաստորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանը Իրանի համար ոչ միայն  հարևան երկիր է, այլ նաև ճանապարհ դեպի Մաքսային միության երկրներ, և այս հանգամանքը Հայաստանին դերը ավելի բարձրացրեց տարածաշրջանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here