Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ Araratnews.am-ը զրուցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ հավանական քաղաքական զարգացումների մասին:
Պարոն Հովհաննիսյան, ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Համաձա՞յն եք, որ նախկին իշխանությունը ցանկանում է կորոնավիրուսի համաճարակն օգտագործել, բողոքի ալիք ստեղծել իշխանության դեմ եւ նորից իշխանության գալ:
Սա միանգամայն կանխատեսելի է: Եթե կան ուժեր, որոնք ցանկանում են ամեն գնով հարվածել այս վարչախմբին, ապա կարելի էր ենթադրել՝ կփորձեն օգտվել այս մարտահրավերից: Իսկ կորոնավիրուսը փորձություն է բոլոր երկրների համար:
Կորոնավիրուսի վարակի պատճառով հետաձգվեց սահմանադրական հանրաքվեն: Հնարավո՞ր է այս երկարաձգումն առաջացնի սահմանադրական ճգնաժամ:
Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամի վտանգ կա: Խոսքն այն մասին է, որ ՍԴ-ի շուրջ առաջացել էր ճգնաժամային իրավիճակ, որը փորձ արվեց հանգուցալուծել սահմանադրական հանրաքվեով: Բայց եղավ ֆորսմաժորային իրավիճակ կորոնավիրուսի պատճառով: Թե երբ կհաղթահարենք այս իրավիճակը, ոչ ոք չգիտի, անգամ՝ համաճարակաբանները, քանի որ սա նոր մարտահրավեր է: Անգամ տեղեկություն եղավ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ չի ֆինանսավորի ԱՀԿ-ին, քանի որ դժգոհ է այդ կառույցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարից: Թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսական կանխատեսում է անում, որ համաճարակը կարծես նահանջում է, բայց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է՝ դեռ վտանգ կա:
Փաստորեն, Սահմանադրական դատարանի այս կազմի պահպանումը երկարաձգում է նախկին իշխանության հույսը՝ որպես նրա հենարան:
Չափազանց կարևոր մի խնդիր կա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկն այն է, որ ինքը կկարողանա վերադարձնել պետությունից թալանված փողերը պետական գանձարան, որն այս իրավիճակում շատ կարևոր է, քանի որ պետությունը մեծ ծախսերի առաջ է կանգնած: Բացի այդ՝ համաճարակից հետո տնտեսության վերականգնման համար լուրջ ծախսերի անհրաժեշտություն կլինի:
Հայաստանից տարեկան թալանվել է 1.5 միլիարդ դոլար: Որոշակի գումարներ հետ են բերվել նոր իշխանության օրոք, բայց դա թալանվածի մի տոկոսն է: Այդ նպատակով ԱԺ է բերվել մի նախագիծ, որով պետք է հետ բերվի պետությունից թալանվածը: Բայց այդ օրինագիծը պետք է արժանանա Սահմանադրական դատարանի հավանությանը, որից հետո այն կարող է կյանքի կոչվել: Սակայն ՍԴ-ի այս կազմն այս քայլին չի գնա, քանի որ հին թալանչիական՝ սերժսարգսյանական համակարգի հլու-հնազանդ կամակատարն է եղել: Հրայր Թովմասյանն էլ դարձել է ՍԴ նախագահ՝ լինելով ՀՀԿ-ի ղեկավար մարմնի անդամ:
Ընդդիմադիրները հայտարարում են՝ թեժ աշուն է լինելու, քաղաքական թեժ պրոցեսներ են լինելու: Սա քաղաքականապես հասո՞ւն կանխատեսում է:
Բարդ հարց եք տալիս: Ռեւանշիստներին ոգեշնչում է արաբական գարնան օրինակը. ժողովրդի կամքով իշխանության եկած վարչախմբերը երկար չեն դիմանում: Օրինակ՝ Մուհամեդ Մուրսին: Մեր ռեւանշիստները, այս օրինակն աչքի առաջ ունենալով, սերտ կապված լինելով մեր զինվորականության հետ, հույսեր են փայփայում, չեն էլ թաքցնում՝ ժամանակն է հեռացնել երիտասարդ այս վարիչներին: Հույսեր են կապում Արթուր Վանեցյանի հետ, որը խորհրդավոր լռում է, չի հերքում, չի էլ հաստատում այդ լուրերը: Հեղափոխական իշխանությունը պետք է պատրաստ լինի այդպիսի զարգացումների, զգոն լինի: Մենք տեսնում ենք՝ սողացող հակահեղափոխողությունը թափ է հավաքում: Մի գեղեցիկ օր սա կարող է վերածվել լայնածավալ քայլերի, որոնք կարող են բերել այդ ուժերի ցանկալի արդյունքին:
Չնայած Արցախում հաջողվեց ինչ-որ առումով սահմանափակել զինվորականների ազդեցությունը, նույնը նաև այստեղ եղավ, բայց եթե քարոզչական դաշտում սողացող հակահեղափոխություն խորանա, ապա չի կարելի բացառել՝ սողացող գործընթացի հիման վրա կտրուկ քայլեր կլինեն: Ռեւանշիստական ուժերն իրենց հույսը կապում են նաև եվրոպական կառույցներում իրենց բողոքների քննության հետ:
Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանն այ առումով կարող է շատ պահանջված լինել Արևմուտքի համար, քանի որ նա Արցախի լուծման բանալին Արևմուտքում է փնտրել: Խոսքը Քի Ուեսթի տարբերակի մասին է: Հետևաբար, չի կարելի բացառել, որ Արևմուտքից կլինի ճնշում մեր իշխանության վրա:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հիշեցիք: Կարո՞ղ ենք պնդել, որ նա եւս սողացող հակահեղափոխական գործընթացի մի մասն է:
Այո: Նրա խորհրդավոր լռությունը հաշվարկված է ու շատ խոսուն: Բայց այդ լռությունը վտանգավոր է: Նրա գործոնը՝ որպես ապագայում ակտիվացող հրաբուխի պետք չի թերագնահատել: Ես խոսողներից այդքան վտանգ չեմ տեսնում, որքան չխոսողներից, քանի որ խոսողները մոծակներ են, որոնք խայթում են: Իսկ նա, ով լռում է, ունի լուրջ մտադրություն:
Իշխանության քայլերը կորոնավիրուսի պայքարի դեմ հաջողվա՞ծ եք համարում:
Իշխանության համար հիմա շատ դժվար է, քանի որ ունենք ընդամենը մեկ պետական բուժօգնության հիմնարկ՝ պաշտպանության նախարարության հոսպիտալը: Մյուս բուժհիմնարկները մասնավոր են: Իսկ սեփականաշնորհել են դրանք ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները: Ահա այսպիսի ժառանգություն է ստացել նոր իշխանությունը: Կոմերցիոն բժշկության համակարգը ցույց տվեց, որ աշխարհում այն ի վիճակի չէ դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերներին: Դրա նպատակը միայն եկամուտ ստանալն է:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության անելիքներին, այն անում է, ինչ կարող է: Բնականաբար, փորձի պակասությունը կա, չնայած նման մարտահրավերին դիմակայելու փորձ ոչ մի պետություն չունի: Ամենակարևորն այն է, որ մարդիկ, բնակչությունը աջակցեն իշխանությանը, որին իրենք են ընտրել: