Stand-By Arrangement-ի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված 202.4 մլն SDR վարկի մայր գումարի մարման գծով 2014թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում պետք է վճարվի 31.9 մլն SDR (յուրաքանչյուր եռամսյակ 15.95 մլն SDR): Նշված մարումները կատարելու նպատակով ՀՀ 2014թ. պետական բյուջեով նախատեսվել է 19.8 մլրդ դրամ` հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 01.11.2013թ. դրությամբ արժութային շուկայում ձևավորված 1SDR=620.76AMD փոխարժեքը (1SDR=1.532USD և 1USD=405.26AMD):
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև 20.05.2010թ. ստորագրված Համաձայնագրի (ի լրումն 05.01.2007թ. կնքված «Հաշվի սպասարկման մասին» թիվ 11/301261 պայմանագրի) 1.2 կետի, ԱՄՀ-ի վարկի մարումները փոխարկվում են վճարման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված SDR-ի փոխարժեքով:
2013թ. նոյեմբերի 1-ից հետո SDR-ի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ունեցել է աճի միտում և առ 26.02.2014թ. այն կազմում է 1SDR=1.545USD կամ 1SDR=638AMD:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում արտաքին վարկերի մարման համար կպահանջվի լրացուցիչ մոտ 660 մլն դրամ:
Պահպանելով ՀՀ 2014թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրներում «Ստացված վարկերի և փոխառությունների մարում» հոդվածի տարեկան հատկացումների գումարը՝ անհրաժեշտ է ավելացնել առաջին եռամսյակի, առաջին կիսամյակի և ինն ամսվա հատկացումների գումարները՝ համապատասխանաբար 330 մլն դրամով, 660 մլն դրամով և 660 մլն դրամով: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում: