Ռուս մասնագետներին թույլ են տալու մուտք գործել ԱՄՆ-ի կողմից Հայաստանում սարքավորումներով հագեցված կենսալաբորատորիաներ (ռեֆերենս լաբորատորիաներ), որոնք ֆինանսավորվել են Պենտագոնից:
Ռուսական «Կոմերսանտ» թերթին հայտնի է դարձել, որ համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարելիք այցի ժամանակ: Պարբերականի աղբյուրի վկայակոչությամբ, հուշագիրը ենթադրում է երկու երկրների միջև համագործակցություն բժշկաբիոլոգիական ասպարեզում: Ընդ որում, հայաստանյան կենսաբանական լաբորատորիաներ կարող են այցելել ՌԴ առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները: Ամերիկյան ֆինանսավորմամբ արդիականացված լաբորատորիաները, որտեղ անցկացվում են կեսնաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Ռուսաստանում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով աշխատող հետազոտական կենտրոնների գործունեությանը, հատկապես այն պատճառով, որ դրանց արդիականացումն ու գործարկումը կատարվել է Պենտագոնի օժանդակությամբ: ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի արդիականացման համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հատկացրել է 10 մլն դոլար: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ռուս մասնագետների մուտքն արտոնվել է Հայաստանում գործող կենսալաբորատորիաներ: Նրա խոսքով՝ այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են:
«Ռուս մասնագետներն արդեն համոզվել են, որ այնտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Դրանք որակյալ լաբորատորիաներ են և ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի: Մենք հրավիրում ենք ռուսաստանցի մասնագետներին և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործումը»,- նշել էր Փաշինյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք նախատեսվում է նոյեմբերին համագործակցության հուշագիր ստորագրել, ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում ասացին, որ առայժմ մեկնաբանություն չունեն: