Հայտնի են արդեն Ղրիմի հանրաքվեի պաշտոնական արդյունքներըˋընտրություններին մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնելու առաջարկին: Այս կապակցությամբ կարևոր է, թե Հայաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա։Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի ներկա դիրքորոշումը ճիշտ է. «Մենք այս պահին որևէ քայլ չպետք է անենք կողմերից որևէ մեկի օգտին: Եվ Ռուսաստանը և Ուկրաինան Հայաստանի գործընկերներն են, ու այս տեսանկյունից չպետք է որևէ մեկի օգտին խոսել»,-ասաց քաղաքագետը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է Ռուսաստանի Դաշնության կողմից լինեն ճնշումներ Հայաստանի նկատմամբ՝ քաղաքագետն ասաց. «Իհարկե կլինեն ճնշումներ, սակայն Հայաստանը պետք է կարողանա պահպանել այն դիրքը, որով հիմա է հանդես գալիս»,-եզրափակեց իր խոսքը Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսության, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»: