տուն Լուրեր Հայաստանը չի հակադրվում եվրոպական քաղաքակրթական տարածքին. Էդգար Վարդանյան

Հայաստանը չի հակադրվում եվրոպական քաղաքակրթական տարածքին. Էդգար Վարդանյան

233
0

Edgar-Vardanyan-1

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Վիլնյուսյան գագաթնաժողովին, Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ որեւէ անակնկալ տեղի չունեցավ եւ ընդունվեց մի հայտարարություն, որը որ կանխատեսվում էր:

Հայտարարությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը եւ Հայաստանը ցանկություն ունեն շարունակել իրենց համագործակցությունը եւ հիմնական հարցերը վերաբերում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, դատական համակարգի անկախության ամրապնդման հարցերին, ինչպես նաեւ ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

«Այս հայտարարությունը որոշակի հիմքեր է ստեղծում, որպեսզի Հայաստանն ակնկալի Եվրամիությունից կոնկրետ ֆինանսատեխնիկական աջակցություն եւ ցույց է տալիս, որ Հայաստանը չի ցանկանում հակադրվել եվրոպական քաղաքակրթական տարածքին»,-ասում է Էդգար Վարդանյանը:

Նա հավելում է, որ ֆինանսական աջակցության ծավալները, որոնք ակնկալելի են, զգալիորեն զիջելու են այն ծավալներին, որոնք կլինեին, եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրը:

«Հայաստանը կարող է, լինելով միայն Եվրախորհրդի անդամ, իրականացնել բոլոր բարեփոխումները՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, դատական իշխանության հետ, եթե ունենա քաղաքական կամք: Բայց ՀՀ իշխանությունները չունեն համապատասխան քաղաքական կամք , ցանկություն: Եվ այստեղ հասկանալի է, որ այս կետերը, որոնք ընդունված են հայտարարության մեջ , դրանք զուտ որոշակի ֆինանսական աջակցություն ստանալու համար են արված, այլ ոչ թե իրականում Հայաստանը  ցանականում է Եվրամիության հետ հենց այդ խնդիրների շուրջ համագործակցել: Հայաստանը Եվրախորհրդի շրջանակներում կարող է լուրջ բարեփոխումներ անել այդ ոլորտներում, ինչը չի անում»,-ասում է Վարդանյանը:

Ըստ նրաˋ այդ հայտարարությունը զուտ աշխարհաքաղաքական իմաստ ունի, որ Հայաստանը ինտեգրվում է եվրասիական տարածքին, բայց այս ժամանակահատվածում չի հակադրվում եվրոպական  քաղաքակրթական տարածքին:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here