Հայաստանի կառավարությունն ընդհանրապես հաշվի չառավ հասարակական կարծիքը եւ երեկվա այդ գործողությունները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային Ժողովի առջեւ տեղի ունեցած բողոքի շարժմանը, երբ քաղաքացիները պահանջում էին իշխանությունից չհաստատել գազային երեք պայմանագրերը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ:
«Երեկվա դեպքերը ոչ նոր էին, ոչ էլ անակնկալ: Դա նաեւ այն պատճառով էր, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը դժվար է պաշտպանել, քանի որ Ռուսաստանի հետ այս պայմանագիրը իրենից ներկայացնում է Հայաստանի անկախությունը վտանգող եւս մեկ քայլ: Նույնիսկ կառավարության պահվածքը եւ գոռոզությունը սեպտեմբերի 3-ի իրադարձություններից հետո, ցույց է տալիս, որ նրանք հաշվետու չեն համարում իրենց հասարակության առջեւ»,-ասում է Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ շատ վտանգավոր է կառավարության համար անտեսել քաղաքացիների կամ հասարակության փոփոխության պահանջը:
«Դա նաեւ ցույց է տալիս, որ կառավարությունը ու իշխանությունները շատ ավելի թույլ են: Սա ակնհայտ Ռուսաստանի ճնշման արդյունք է, սակայն իրական հանցանքն այստեղ այն է, որ Հայաստանը չի կարողանում պաշտպանել իրեն Ռուսաստանի ճնշումներից»,-հավելում է Կիրակոսյանը
Նրա խոսքով՝ խնդիրը կայանում է ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների մեջ, այլ այդ հարաբերությունների անհավասար պայմանների մեջ: Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը պարզապես չպետք է համաձայնվեր գազային պայմանագրերում ներկայացված պայմաններին: