Հայաստանը մինչև տարեվերջ պատրաստվում է միանալ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերանայված տարբերակին: Այդ մասին այսօր տեղի ունեցած սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Մակար Ղամբարյանը:
Սեմինարը կազմակերպել էին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԱՀԿ քարտուղարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը:
ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը ներառում է ԱՀԿ անդամ 43 երկրներ՝ ԵՄ 28 երկրներ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա և այլ զարգացած երկրներ:
Այս պահի դրությամբ համաձայնագրին տարածաշրջանից միացել է միայն Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը միանալու գործընթացի մեջ են: Այժմ Հայաստանը պետք է վավերացնի համաձայնագրի վերանայված տարբերակը: Վերանայումները հիմնականում կապված են պետական գնումների գործընթացով էլեկտրոնային համակարգերի կիրառման հետ:
ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին միանալը հնարավորություն է տալիս տվյալ երկրների տնտեսվարողներին ազատորեն՝ առանց խտրականության ենթարկվելու մասնակցել համաձայնագրի անդամ այլ երկրների պետական գնումների գործընթացին (աճուրդներին):
Ինչպես նշեցին ԱՀԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, համաձայնագիրը չի հակասում ՄՄ պետական գնումների ոլորտը կարգավորող օրենքներին ու կանոնակարգերին: