Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Հայաստանում ֆրանսիացի ներդրողների գործունեությանն ու Հայաստանի նկատմամբ Եվրոպայի հետաքրքրությանն, ասաց.
«Ամենատարբեր ուղղվածության պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում նաև միջկառավարական բնույթ կրող, բացի այդ, կնքվել են պայմանագրեր ձեռնարկությունների մակարդակով, կարող եմ ասել միայն հետևյալը, որ յուրաքանչյուր անցնող օր իր դրական ավանդն է բերում, որպեսզի ստորագրված այդ համաձայնագրերը ավելի առարկայանան և իրականանան: Օրինակ՝ տնտեսական ոլորտին վերաբերող տեղեկություն կարող եմ ձեզ տալ. ընդամենը երկու օր առաջ այս դահլիճում տեղի ունեցավ մի շատ կարևոր ժողով՝ Ֆրանսիայի գործարար միջավայրի մասնակցությամբ»:
Դեսպանը նշեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում ֆրանսիական խորհրդի նիստի ժամանակ որոշում կայացվեց բացի արդեն հայտնի երեք ֆակուլտետներից բ ստեղծել ևս մեկը՝ բանկեր և ֆինանսներ: Բացի այդ՝ Երևանի Ֆրանսիական հրապարակում շարունակվում են շինարարական աշխատանքները:
«Հայաստանը համարվում է Արևելյան գործընկերության անդամ երկիր: Եվ այդ շրջանակում գրանցվել են զգալի առաջընթացներ: Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծված ծրագրերին Հայաստանը ևս մասնակցում է: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի նկատմամբ Եվրամիության հետաքրքրությանը, ապա այդ հետաքրքրությունը իր ֆորմալ արտահայտությունը գտավ անցյալ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում` Եվրամիություն- Հայաստան հռչակագրի տեքստով»:
Ռենոն ընդգծեց, որ ֆրանսիացի գործարարները հայկական շուկայի նկատմամբ ցուցաբերում են աճի միտում ունեցող հետաքրքրություն: