Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազի սակագներին եւ իշխանությունների կողմից 300 միլիոն դրամ պարտքը գաղտնի պահելուն, ասաց, որ ամբողջ գործընթացը կապված է եղել ընտրությունների հետ:
Նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից ինչ որ ձեւով կուտակված պարտքը Ռուսաստանի հետ գործարքում գաղտնի պահելն ու թաքցնելը, ամենակարեւորն է:
«Անցած տարի դեռ հոկտեմբերից ես ասացի, որ գաղտնի որոշում է ընդունված 20 տոկոսը վաճառելու մասին, ուղղակի դա հիմա հրապարակվեց: Բայց քանի որ մենք ոչ մի դետալի չենք տիրապետում եւ գնում է անդրկուլիսյան գաղտնի բանակցությունների գործընթաց , այնտեղ ցանակացած քաղաքական գործարք հնարավոր է»,-ասաց Զուրաբյանը:
Նա հավելեց, որ այժմ Հայաստանը գտնվում է «գազային կախվածության մեջ Ռուսաստանից եւ այդ գազային կախվածությունը դարձել է երկրի համար մի մահակ»:
«Դուք ինքներդ տեսաք, որ այս գազային գործարքների դետալները նրանք շատ երկար գաղտնի են պահել: Մենք մինչեւ վերջ էլ չգիտեինք, թե ի վերջո երբ է տեղի ունեցել գնի բարձրացում: Ամբողջ պրոցեսը կապված էր ընտրությունների հետ, ընդ որում եւ նախագահական, եւ Երեւանի ավագանու: Մեր ժողովրդի թիկունքում ինչ- որ գործարք է կատարվել Ռուսաստանի հետ, որի իմաստը այն էր, որ գազի գինը պահեն էժան այնքան ժամանակ, ինչքան տեղի են ունենում ընտրությունները, որ ժողովուրդը չիմանա գալիք թանկացման մասին, ավելորդ պրոբլմներ ընտրություններում չստեղծվի իշխանության համար: Իսկ հետո արդեն բարձրացրեցին գազի գինը եւ տվեցին անհեթեթ բացատրություններ»,-ասաց Զուրաբյանը:
Նա հավելեց, որ իշխանությունները տարեկան 2,5 միլիարդ դոլարի չափով թալանել են պետական բյուջեն, բայց եթե այդ 2,5 միլիրադ դոլարը տարեկան օգտագործվեր ալտերնատիվ էներգետիկայի ստեղծման վրա, այժմ Հայաստանը ազատված կլիներ Ռուսաստանից գազային կախվածությունից:
Լիլիթ Առաքելյան