Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ «Հայանտառի» եւ դրա մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի եւ 100 տոկոսով փոխվի անձնակազմը:
Մարզպետը մասնավորապես նշեց, որ նախորդ իշխանության շրջանում «Հայանտառի» աշխատակիցները փոխկապակցված են եղել ե՛ւ կրիմինալ կառույցների, ե՛ւ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառհատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխություները պետք է արմատական լինեն:
Ըստ մարզպետի, աշխատանքից ազատված անձանց փոխարեն այդ աշխատանքով կարող են զբաղվել ուժային կառույցներից զորացրված, թոշակի անցած անձինք: