Հայ-վրացական հարաբերությունները թեև միշտ կայուն են, և վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գնաց Վրաստան, այնտեղից էլ այցելեցին մեր երկիր, բայց Վրաստանի հայերը գրեթե միշտ հայապահպանության խնդիր են ունեցել, մասնավորապես՝ դպրոցներում հայերենի ուսուցման, հայալեզու գրքերի հետ կապված։
Վերջերս էլ տեղեկացանք, որ հայ-վրացական սահմանին հայալեզու գրքերի անցկացումը մեծ խնդիր է, հատկապես, եթե քանակը գերազանցում է 2-3-ը։ Ավելին, հայոց պատմության, հայ պոեզիայի գրքերի, անգամ հայալեզու խաչբառերի մուտքն անհնար է Վրաստան, փոխարենը մաքսատանն առաջարկում են գիրքը թողնել տեղում և Հայաստան վերադառնալիս հետ տանել։
Նման դեպքի է առնչվել Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը։
Տիկին Թադևոսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջադեպից․ «Որոշ ժամանակ առաջ Հայաստանից բերում էի հայոց պատմության ձեռնարկներ։ Սահմանին ձեռքիցս վերցրին գրքերը, ասացին՝ չի կարելի, բացեցին տեսան՝ քարտեզ կա հայկական, թարգմանել տվեցին, թե ինչի մասին է գիրքը։ Ասացին՝ ո՞ւմ համար եք տանում, ասացի՝ բարեկամներիս երեխաների համար է, որ ինքնուրույն կարդան հայոց պատմությունը։ Պատասխանեցին, որ չեմ կարող տանել։ Հարցրի՝ ո՞ր օրենքով, որտե՞ղ է գրված այդ օրենքը։ Ցույց տվեցին օրենքը, որի մեջ ոչ մի նման բան չկար, ավելին՝ միայն բեռնատար մեքենաների մասին էր գրված և խոսք չկար, թե անձն ինչ կարող է տանել։ Աշխատողներից մեկն ինձ ասաց՝ չեք տանելու, հարցրի՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու գրքերի ճակատագիրը. գցեմ աղբարկղը։ Ասաց՝ գցի այստեղ։ Վերջում ակտ գրեցին, գրքերը մնացին սահմանում։ Ասացին՝ երբ վերադառնաք հաջորդ անգամ Հայաստան, հետներդ հետ կտանեք։ Այդպես էլ վարվեցի։ Դրանից հետո ռիսկ չեմ անում որևէ գիրք բերել»։
Հարցին՝ իսկ այժմ ի՞նչ վիճակ է, խնդիրն էլի արդիակա՞ն է, Կարինե Թադևոսյանը պատասխանեց․ «Այդ խնդիրը միշտ կա։ Եղել է, որ մեր երեխաները օլիմպիադայի են մասնակցել, հուշանվեր են ստացել, դրանց հետ մեկտեղ նաև գրքեր, բայց սահմանին հարցրել են՝ ինչ գրքեր են, բացել են, նայել մեջը ինչ կա, ինչի մասին է գրված, և թույլ չեն տվել անցկացնել»։
Դիտարկմանը, որ Հայստանից որոշ հրատարակիչներ պնդում են, որ իրենք առանց խոչընդոտի գրքերը տանում են, գուցե հարցը հայոց պատմությանը վերաբերող գրքերի՞ն է վերաբերում, Թադևոսյանը նշեց, որ չի կարծում, որովհետև հարկավոր է եղել Վահան Տերյանի մի քանի գիրք տեղափոխել, և կրկին չեն թողել։
Araratnews.am-ը հարցի շուրջ կապ հաստատեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։ Նա չհերքեց, որ այսօր էլ կա նման խնդիր, բայց չցանկացավ հարցի շուրջ շատ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ խնդիրը 20 տարուց ավելի է՝ կա, և իրենք բազմիցս բարձրաձայնել են դրա մասին։
Հետաքրքրիր էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի տեսակետը։
Նա պնդեց, որ միշտ գրքեր է արտահանում Վրաստան և երբեք նման խնդրի առաջ չի կանգնել․ «Վրաստանի համար արտահանել եմ վրացերեն գրքեր, Թիֆլիսի և Բաթումի գրախանութներում հայկական գրքեր էին վաճառում, հիմա միայն Բաթումում են վաճառում։ Երբ 2017թ․ ընտրություններից առաջ դեբատներ կային, Ջավախքից դաշնակցական որոշ քաղաքական ֆիգուրներ այդ խնդիրը դեբատների ժամանակ բարձրացրին, ես ասացի, որ նման բան չկա, հավանաբար ձեր գրականությունը հակավրացական է, որ Վրաստանը նման քայլի է գնացել,- ասաց Մարտիրոսյանը՝ շեշտելով,- քանի որ մեր գրականությունը համամարդկային է, Վրաստանը խնդիր չի ունեցել արգելելու»։
Դիտարկմանը՝ մեր տեղեկություններով հայալեզու տարաբնույթ գրքերի մասին է խոսքը, հրատարակչության տնօրենն արձագանքեց․ «Ես համոզված եմ, որ եթե նման բան եղել է, ապա դա հակավրացական գրականության մասին է խոսք եղել, որովհետև համամարդկային արժեք ունեցող գրականության հետ Վրաստան պետությունը ոչ մի խոչընդոտ չի առաջացրել»։
Կապ հաստատեցինք նաև Վրաստանում Հայաստանի դեսպանություն՝ պարզելու՝ որքանո՞վ են տեղյակ խնդրին և ի՞նչ քայլեր են ձեռնարկում։ Մեզ խոստացան առաջիկայում պատասխանել։
Հ․Գ․ Նշենք, որ օրերս տեղական լրատվամիջոցներից մեկը Վրաստանում հայկական դպրոցների համար նախատեսված հայալեզու գրքից որոշ էջեր էր հրապարակել, որոնցում կային ադրբեջաներեն տեքստեր։
՝