Առավոտյան ժամը տասնմեկի կողմերն է: Շտապում եմ աշխատավայր հասնել: Ավտոկանգառում սպասում եմ. երբ է մոտենալու հարմար երթուղայինը՝ շուտ հասնեմ խմբագրություն: Մոտ տասը րոպե սպասելուց հետո, հեռվում նշմարվեց թիվ 23 երթուղայինը: Ներսը մարդաշատ էր, բոլոր աթոռները զբաղված էին: Նստեցի անմիջապես վարորդի կողքին: Մեքենան շարժվեց: Մի տեսակ դանդաղում էր ընթացքը, կամ ինձ էր այդպես թվում, որովհետև ուշանում էի աշխատանքից: Ապակուց նայում էի դուրս: Մռայլ եղանակ էր։ Սովորականից հանդարտ էին փողոցները`առանց խցանումների: Երթուղայինում քար լռություն էր: Մի քանի րոպե հետո տղամարդու բամբ ձայնը կոտրեց այդ լռությունը.
— «Ռոսիա» կինոթատրոնի մոտ կանգառ կա՞:
— Կա,- պատասխանեց վարորդը:
Մեկ րոպե էլ չէր անցել, երբ մի տարեց կին, որ վարորդի մոր տարիքին կլիներ, հարցրեց.
— Տղա ջան, դուք «Ռոսիա» կինոթատրոն հասնո՞ւմ եք:
Հնչեց սովորական թվացող, բոլորիս ականջներին արդեն ծանոթ հարցը: Եվ այստեղ ոչ մի զարմանալի կամ արտառոց բան չկար: Իմ տեսանկյունից, որ՝ հաստատ: Մեկ էլ սկսվեց վարորդի հիստերիկ նոպան: Ձեռքը խփելով ոտքին՝ պարոն Վարորդն ամենակոշտ տոնով հարցին հարցով պատասխանեց.
-Չլսեցի՞ր, նոր ասեցի՝ հա, հասնում եմ…
— Կներես, բալես, չեմ լսել,- խեղճացավ տարեց կինը:
Երթուղայինի ուղևորները սկսեցին նկատողություն անել պարոն Վարորդին:
— Մորդ տարիքի կին է, հարգանք ունեցիր…
— Հիմա որ մարդը չի լսել, իրավունք չունի՞ հարց տալու…
— Էս ի՞նչ վերաբերմունք ա, գործդ էդ ա, նորմալ արա…,- վարորդի վերաբերմունքից վրդովված՝ սաստեցին այս ու այն կողմից:
Մի տեսակ խառնաշփոթ սկսվեց: Բոլորը խոսում էին առանց իրար հերթ տալու, առանց իրար լսելու: Ես արդեն մոռացել էի, որ ուշանում եմ աշխատանքից: Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչ պատասխան տվեց վարորդը ուղևորներին, միայն ասեմ, որ ներողություն էլ չխնդրեց`ընդհակառակը…
Հիմա շատերը կմտածեն, որ այս պատմությունը վարորդին խայտառակելու, նրան աշխատանքից հեռացնելու համար եմ գրում: Ամենևին։ Ոլորտը կապ չունի: Մեր հասարակությունը կորցրել է համբերությունը: Մենք անհանդուրժող ենք. այս վերաբերմունքը գալիս է տնից, ընտանիքից, դպրոցից, բուհից: Վարորդը այս պարագայում միջոց է, որպեսզի լայն բացենք աչքներս ու մեզ մի պահ կողքից նայենք: Վստահ եմ՝ կտեսնենք, թե ինչքան ագրեսիվ ենք: Մի կաթիլ համբերություն է պետք, մարդիկ։
…Մեկս մյուսի նկատմամբ մի փոքր համբերություն ունենանք, ներողամիտ ու զիջող լինենք։
Հայկ Մագոյան