Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2013-ին 2012-ի համեմատ նվազել է, ինչպես որ 2012-ի համեմատ 2013-ին նվազեց Հայաստանի տնտեսության աճը:
«Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը…»,- ասել էր նա` ավելի ուշ հավելելով. «Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է»:
Նման միտում (տնտեսական աճի դանդաղում 2012-ի համեմատ) 2013-ին համաշխարհային տնտեսությունում, սակայն, չի նկատվել: 2012-ին համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3.1%, իսկ 2013-ին` 3% (նախնական): Ավելին, 2013-ի վերջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը ուժեղացել է, ինչպես ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` այս տարվա հունվարին հրապարակված զեկույցում:
«Գլոբալ ակտիվությունը 2013թ երկրորդ կեսին ուժեղացել է, ինչպես կանխատեսված էր 2013թ հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում: Սպասվում է, որ ակտիվությունը կուժեղանա նաև 2014-2015 թվականներին` գերազանցապես զարգացած տնտեսությունների վերականգնման շնորհիվ: Գլոբալ աճը այժմ կանխատեսվում է մի փոքր ավելի 2014-ի համար` 3.7%, որը կհասնի 3.9%` 2015-ին»,- ասված է այդ զեկույցում:
Ինչ վերաբերում է որոշ երկրների տնտեսական աճերին, որոնց մասին խոսել էր Սերժ Սարգսյանը, ապա այո՛, Ռուսաստանի ու մի շարք եվրոպական երկրների աճը դանդաղել է: Բայց դա բնորոշ չէր ամբողջ համաշխարհային տնտեսությանը, ի հեճուկս Սերժ Սարգսյանի: