տուն Լուրեր Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին

116
0

e17ccae89ab1aace01cd2c65a13e9e7103888ad8Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:

Ողջունելով ու շնորհավորելով Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2015թ. քաղաքամայր Երևանն ի սրտե կհյուրընկալի Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին. «Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ մարզամշակութային կյանքի աշխուժացման առումով: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի 2015թ. Համահայկական ամառային խաղերը մայրաքաղաքում անցկացվեն հավուր պատշաճի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան մարզիկներն արժանացել են 4 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ, շնորհավորել նրանց ու մաղթել նորանոր հաղթանակներ: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մայրաքաղաքը ներկայացնող թիմերի կողքին:
Նշենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ՝ աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից: