տուն Լուրեր Համաժողովրդական շարժումը մեկ ամսում ինքնաչեզոքացրած թիմի համար՝ այսպիսի պատկերը բնական է

Համաժողովրդական շարժումը մեկ ամսում ինքնաչեզոքացրած թիմի համար՝ այսպիսի պատկերը բնական է

285
0

images

Այսօր ԱԺ ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտնել է, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Նա նշել է, որ պատճառները քաղաքական չեն, այլ ներքինխոհանոցային: Իհարկե կարիք չկա նշելու, որ ամենաքաղաքական իրադարձությունները գոնե հայաստանյան քաղաքական դաշտում տեղի են ունենում հենց ներքին խոհանոցներում:

Չնայած Թևան Պողոսյանը նշել էր, թե այս մասին տեղեկացրել է ժառանգության իր գործընկերներին, սակայն, ինչպես նշում են  Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը, իրենք այդ մասին տեղյակ չեն եղել։

Թևան Պողոսյանի այս քայլը հետաքրքրական է նաև վերջին իրադարձությունների ֆոնին: Վերջինս հանդիսանում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, այն հանձնաժողովի, որի դերակատարությունը վերջին օրերին ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մեջ գրեթե  բարձր է պետական մյուս բոլոր մարմիններից: Այս հանձնաժողովում է միայն, որ ոչ իշխանական ուժերը կազմում են մեծամասնություն, իսկ նրա դուրս գալու դեպքում՝ ձայները հավասարվում են:

Հետաքրքրական է, որ Թևան Պողոսյանին համամասնական ցուցակում հաջորդում է  Ազատ Դեմոկրատներին ներկայացնող Մասիս Այվազյանը և, հավանաբար, հենց նա էլ կլինի Թևան Պողոսյանին փոխարինողը: Հենց այդ մասին է վկայում Panorama.am-ին տրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի մեկնաբանությունը, որ համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչների տեղերը որևէ կերպ փոփոխության ենթակա չեն:

Այսպիսով, Ժառանգություն խմբակցության կազմում մեծամասնություն են կազմելու Ազատ Դեմոկրատները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, 2 պատգամավոր ժառանգությունից, 2-ը՝ Ազատ դեմոկրատներից և 1-ը՝ նորաբաց ՀՀՇ-ից:

Համաժողովրդական շարժումը մեկ ամսում հաջողությամբ ինքնաչեզոքացրած քաղաքական թիմի համար այսպիսի պատկերը միանգամայն բնական է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here