Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, ով ներկայումս ժամանակավոր ապաստան է գտել Ռուսաստանում, իր առաքելությունը հաջողված է համարում։ Այս մասին նա ասել է The Washington Post թերթին։
«Անձնական բավարարման տեսակետից այս առաքելությունը հաջողված է։ Ես արդեն հաղթել եմ», — ասել է Սնոուդենը, ում խոսքերով՝ այն, որ լրագրողները այժմ հնարավորություն ունեն խոսելու լրտեսման կառավարական ծրագրերի մասին, ցույց է տալիս, որ իր գործունեությունն արդարացված է։
«Ցանկանում էի փոխել հասարակությունը։ Ուզում էի հասարակությանը հնարավորություն տալ ինքնորոշվելու, պարզելու, թե արդյոք ինքը պետք է փոխվի։ Այն ամենն, ինչ ես ուզում էի, հասարակությանը տեղյակ պահելն էր այն մասին, թե ինչպես են իրեն կառավարում»,- ասել է Սնոուդենը։
Հիշեցնենք, որ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը բացահայտում են ամերիկյան և կանադական լրտեսման մեծ ցանցերը։ Դրանք հանգեցրել են մի շարք սկանդալների, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակի։