տուն Հասարակություն Առողջապահություն Կրակոցներ Դիլիջանում. տուժածը հոսպիտալացվել է

Կրակոցներ Դիլիջանում. տուժածը հոսպիտալացվել է

297
0

Երեկ երեկոյան Դիլիջանի հիվանդանոցում հոսպիտալացվել է հրազենային վնասվածք ստացած մոտ 30 տարեկան մի տղամարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջանում գործող գազալցակայաններից մեկի տարածքից և չի բացառվում, որ հենց գազալցակայանում էլ հնչել են կրակոցները։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երեկ ժամը 22։15–ին Դիլիջանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով ԲԿ է տեղափոխվել 1988–ին ծնված մի տղամարդ։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեկ ժամը 21։30–ի սահմաններում Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու գազալցակայանի դիմաց անհայտ անձը կրեկլ է տղամարդու վրա»,–ասացին ոստիկանությունից։

Դեպքի առթիվ կարուցվել է քրեական գործ։ Պարզվել է վիճաբանությանը մասնակցած անձնաց ինքնությունը։

Իսկ Shamshyan.com–ի տեղեկություններով` տուժածը 31-ամյա Արման Ղալեչյանն է, որը ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ըստ կայքի` Ղալեչյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս պահին էլ նա մեկ այլ քրեական գործով որպես կասկածյալ է անցնում:

Անցյալ տարի «Դիլիջան ազգային պարկի» հարևանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Թեղուտի գյուղապետ Արագած Թամրազյանի ուղղությամբ: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նա հայտնաբերվել ու կալանավորվել էր, սակայն Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանը գրավի դիմաց նրան ազատ էր արձակել, որից հետո Տավուշի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը քրեական գործերով վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել և դատարանը բավարարել էր միջնորդությունը ու Ղալեչյանը կալանավորվել էր: Սակայն Տավուշի մարզի Շամշադինի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը գրավի դիմաց դարձյալ ազատ էր արձակել առանձնապես ծանր հանցագործության համար քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորված Ղալեչյանին: