«Ժողովրդական» կուսակցության ղեկավարն, անդրադառնալով ներքաղաքական խդիրներին, մասնավորապես՝ վարչապետի հրաժարականին, նկատեց, որ քայլը ուշացած էր.«Վաղուց պետք է հրաժարական տված լիներ` չնայած չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն տեղի կունենա: Էական փոփոխությունների համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»,-ասաց Տիգրան Կարապետյանը,ավելացնելով, որ իր կարծիքով Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի վարչապետի թեկնածուն Հովիկ Աբրահամյանն է, քանի որ Աբրահամյանը ԱԺ պաշտոնում ավելի վտանգավոր է նրա համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Տիգրան Կարապետյանի ենթադրությունները.«Չեմ ցանկանում մեկնաբանել մի քաղաքական գործչի խոսք, ով երկու տարին մեկ անգամ հայտնվում և նման կարծիք է հայտնում»,-ասաց պատգամավորը:
Իսկ թե ո՞վ է ամենաընդունելի թեկնածուն՝ Հովհաննես Սահակյանը չցանկացավ խոսելˋ պատճառաբանելով, որ նախագահը կներկայացնի՝ նոր հնարավոր կլինի խոսել թեկնածուի մասին.«Այս պահին ճիշտ չեմ համարում ասել, թե ինձ համար ինչպիսի թեկնածուն կլինի ընդունելի: Մենք կսպասենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, որից հետո հնարավոր կլինի խոսել այդ հարցի շուրջ»,-եզրափակեց իր խոսքը ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: