Օրեր առաջ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հնչեցրած այն առաջարկին, թե Երեւանում պետք է դնել քաղաքացիական տոնածառ, որտեղ քաղաքացիները կկախեն թղթի վրա գրված իրենց ցանկությունները, քաղաքացիական ակտիվիստները տարբեր կերպ են ընկալում:
«Դա խորհրդանշական ակցիա է: Ես խորհրդանշական ակցիաներին, անկեղծ ասած, մեծ ոգեւորությամբ չեմ մոտնեում, որովհետեւ հասարակությունը գիտի ինչ է ուզում, իշխանությունն էլ գիտի իրենից ինչ ենք ուզում: Ինձ ամենից շատ հուզում են մարդու իրավունքները: Խնդիրները այդտեղ շատ շատ ենˋ բանակում սպանվող զինվորներ, փակ համակարգում խոշտանգումներ: Եւ բոլոր այդ դեպքերի հետ որեւէ հույս չեմ կապում, որ ինչ- որ մի արտառոց բան լինի, կամ ինչ- որ մի գործողության արդյունքում մի բան կփոխվի»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է քաղաքացիական ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարին:
«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը նշում է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի «անպատժելիությանը վերջ դրվի, եւ հայ ժողովուրդն ազատվի այս տիպի կառավարությունից»:
«Առաձնահատուկ բան չկա, որ կուզեի փոխել կամ փոխվեր զուտ ցանկության տեսքով: Այն, ինչ որ ուզում եմ փոխել, որեւէ քայլ ձեռնարկում եմˋ դեպի փոփոխությունը տանող ճանապարհը: Կուզենայի, իրոք, անկախ սահմանադրական հանրապետություն ունենալ, կուզենայի հեղափոխություն լիներ` առաջին հերթին հանրության գիտակցական մակարդակում, հետո նոր տարբեր ոլորտներում, որպեսզի ռեժիմը չվերարատադրվեր»,-հավելում է Վահագն Մինասյանը:
Լիլիթ Առաքելյան