Կորոնավիրոսի վտանգով պայմանավորվախ Արցախի « Ազատ հայրենիք» կուսակցությունն ու իր առաջնորդը մարտի 25-ից դադարեցնում են ընտրողների հետ հանդիպումները։
«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»,- ասված է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ։
Համաձայն հաղորդագրության՝ մեկ օրով հետաձգվում է նաև թեկնածուի՝ մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը։
«Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սակյան նաև նշվում է, որ այսօր Մարտունիում պլանավորված հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա․ «Այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ»,- հայտնում է Արայիկ Հարությունյանը։