ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, որը 2018-ի հոկտեմբերին մեղադրվել էր կաշառք ստանալու մեջ, կարդարացվի. դատախազությունը հրաժարվել է նրա մեղադրանքից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Այսօր մեկ տարուց ավել տևած դատաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ի դեմս գործով մեղադրողի, ի պատիվ դատախազության, կայացրեց օբյեկտիվ, արդարությունը վերականգնող և իմ պատկերացմամբ շատ դժվար որոշում (հաշվի առնելով սույն գործով հանրային արձագանքը, դժվար էր օբյեկտիվ որոշման հանգել) և դատական նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ 10-րդ բաժնի պետի (Սևանի հարկային տեսչության պետ) մեղադրանքից հրաժարվելու մասին։ Սուրեն էլոյանի մասով, ով մեղադրվում էր խմբով, շորթմամբ, խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ում սպառնում էր 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում, ով նախաքննության ժամանակ եղել էր կալանավորված, դատարանը օրենքի ուժով կկայացնի արդարացման դատական ակտ»,- մասնավորապես գրել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծվոլ էին ՊԵԿ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանն ու տեղակալ՝ Սամսոն Առաքելյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառ ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):
Սուրեն Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի ենթադրյալ կաշառքի հետ: Էլոյանը կալանավորվել էր, ապա մի քանի ամիս անց գրավի դիմաց ազատ արձակվել: