տուն Քաղաքական Հայաստան Կոչ ենք անելու մթերային խանութներին տարեցների համար հատուկ ժամեր սահմանել․ Տիգրան Ավինյան

Կոչ ենք անելու մթերային խանութներին տարեցների համար հատուկ ժամեր սահմանել․ Տիգրան Ավինյան

220
0

Սննդամթերք վաճառող խանութներին կոչ ենք անելու հատուկ ժամեր սահմանել տարեց գնորդների համար, որպեսզի այդ ժամերին կարողանան գնումներ կատարել տարեց բնակիչները։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Իտալիում մահվան դեպքերը տարեց բնակիչների շրջանում է գրանցվել, որոնք ունեցել են երեք կամ ավելի խրոնիկ հիվանդություններ։ Տարեցները ամենախոցելին են, այդ պատճառով մենք կոչ ենք անելու մեր մթերային խանութներին ժամեր սահմանել տարեցների համար։ Հավանաբար, դա կլինի 10-ից 12-ը, իսկ մեր մյուս քաղաքացիներին կոչ ենք անելու այդ ժամերին չգնալ մթերային խանութներ եւ, ընդհանրապես, այդ շրջանում տատիկ պապիկների հետ արժե շփվել միայն սկայպով»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ Ավինյանն ասաց, որ դրանով հստակեցվելու են ինքնամեկուսացման պայմանները, սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ, իսկ դրանք խախտողների համար՝ տուգանք։ Այս պահին ինքնամեկուսացման ցուցում են ստանում այն մարդիկ, որոնք երկրորդային շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ, իսկ առաջնային շփում ունեցողները մեկուսացվում են կառավարության կողմից։ Ինքնամեկուսացման ցուցում ստացածների բոլոր տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, առողջապահության նախարարության տրամադրության տակ են։
Ավինյանը նաեւ նշեց, որ այն մարդկանց համար, որոնց ինքնամեկուսացման ցուցում չի տրված, տեղաշարժման որեւէ արգելանք չկա։ Ինչ վերաբերում է տնտեսական գործունեություն իրականացնողների նկատմամբ սահմանված սահմանափակումներին, պարետի խոսքով՝ շուտով իրենք կհրապարակեն այն տնտեսվարողների հստակ ցանկը, որոնց գործունեությունը արգելվելու է արտակարգ դրության պայմաններում․ դրանք հիմնականում այն վայրերն են, որտեղ կա մարդկանց մեծ կուտակում եւ որոնք կապված չեն սննդի մատակարարման հետ։