Քրիստինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լ. Խեչոյանի երկրային ժամանակի ավարտի առիթով իմ զգացածը, ավելի շատ դեպի ներս հոսած արցունքները արտահայտելու կարիքը մինչեւ այսօր չզգացի, բայց մի քանի օր առաջ լսած ձայնագրությունը տեքստով կարդալուց հետո մի անբացատրելի հուզմունք ու զգացողություն ինձ ստիպում է գրել սա. լռությունը խախտելու նպատակը չէ, այլ առիթն է ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ….
Երբ մի քանի ամիս առաջ լսել եմ նախագահի մրցանակը հետ տալու նրա որոշման մասին, նրա մեկնաբանությունը, անսահման հպարտություն եմ զգացել, իսկ վերջին ամիսների զրույցները լսելիս շաաաատ, շաաաատ եմ հպարտացել, թե ինչպես գրողական ինքնասիրահարվածության, իր գրքերի ու իր ճակատագրի շուրջ միտքը սեվեռելու փոխարեն, որը շատ բնական կլիներ, Խեչոյանը անընդհատ միտքը ուղղում է հայրենիքի վիճակին, ճակատագրին, հայ մարդու այսօրվա մորմոքներին:
Ստեղծելով գեղարվեստական մաքրամաքուր բնագիր, ունենալով պատկերային ու ոճական ինքնատիպ ձայն` այս մարդը ոչ մի պահ չգոհացավ առանց կողքերը նայելու միայն Պառնասի բարձունքները վայելելով: Այս նկատառումը իրեն չի պետք, նա դրա կարիքը չունի, մեզ` ապրողներիս ու եկողներին է պետք: Քանի անգամ տարբեր առիթներով գրողներ ու մտավորականներ իրենք պատվից ցածր, իրենց գրչին ու խոսքին անպատիվ են համարում երկրից խոսելը, ,,մաքուր,, ու ,,անբիծ,, արվեստագետի տեսակը ,,չհրապարակախոսեցնելը,, : Չգիտեմ ինչու են շատերը այդքան համոզված, որ գրողի գործը գրելն է ու կողքի մարդու, հայրենիքի ճակատագրի հանդեպ ,,գեղարվեստական,, լռություն պահպանելը, որը, թող ինձ ներեն, բայց գրեթե միշտ տաքուկ անկյունը չկորցնելու խաղ է ընդամենը:
Բակունցի ու Չարենցի`գրողի թե նրա ստեղծածի ավելի կարեւոր լինելուն վերաբերող հայտնի զրույցի մի պատասխանն էլ Խեչոյանի ասպետականությունն է, լավ կլիներ, մենք ու սերունդները արժանվույն գնահատեինք հայրենիքի ներկայի ու ապագայի վերաբերյալ նրա անհանգստությունը, ՄԱՐԴՈՒ ու ԳՐՈՂԻ անհանգստությունը:
Երկու անգամ եմ հանդիպել Խեչոյանին, առաջին անգամ` Մաթեւոսյանի մահվան տարելիցին. բազում առիթներ ունենալով` ինձ գիտակցաբար հեռու եմ պահել ,,երկրային,, շփումներից` պահպանելու համար ԳՐՈՂԻ նրա միֆը, չեմ ուզել, որ ինձ համար նրա միֆական կերպարը սովորական մարդու կերպարով փոխարինվի: Այդ կերպարը պահպանելու համար ուժ չեմ գտել մեջս նրան հիվանդությունից կերպափոխված տեսնելու ու հեռվից եմ ճանապարհել իր զգացած տիեզերական ժամանակի մեջ: Լռությունս խախտելու եւ նրա` մեզ այդքան պետքական ասպետականությամբ հիանալու համեստ իրավունքը ունեմ գոնե այնքանով, որքանով իր կողմից արժանացել եմ իր գրականությունը ճիշտ զգալու գնահատականին:
Ու այդ համեստ իրավունքով, առաջիններից մեկը նրա գրի մասին գրողի իրավունքով, նրա որոնմանը արժանացողի իրավունքով եմ այսօր ուզում, որ հայրենիքով մտահոգ լինելու իր ասպետականությունը յուրաքանչյուրս մեր մեջ ստեղծելու համարձակություն ունենանք ու մեր ապահով բարձունքները չվտանգելու վախը չունենանք: Լ. Խեչոյանը տիեզերական ժամանակի իր անմահությունը վաղուց է նվաճել…. Եվ նախագահի մրցանակը չընդունելու նրա որոշումը նրան ավելի պակաս չի անմահացնում, քան նրա գրած որեւէ վեպ, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում….