Այսօր հանրապետության որոշ բուհեր վարձավճարների վերաբերյալ հայտարարություններ էին տարածել: AraratNews.am-ն արդեն կապ է հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակի հետ երկրորդ կիսամյակի վարձերի ընթացակարգը պարզելու նպատակով:
AraratNews.am-ի թղթակիցն այս անգամ զրուցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ:
«Ավարտողները պետք է նախքան ավարտական քննությունները վճարեն, իսկ այն ուսանողները, ովքեր ավարտական կուրսում չեն, կսպասենք, որ մինչև կիսամյակի վերջ վճարեն»,-ընդգծեց ռեկտորը:
Միևնույն ժամանակ, Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ վարչապետի որոշմամբ ընդունված ուսման վարձավճարների փոխհատուցման համակարգը բավականին մեղմացրեց իրավիճակը, ինչպես նաև լարվածությունը:
Նշենք, որ ուսման վարձավճարների փոխհատուցման համակարգը գործում է հետևյալ ընթացակարգով.
Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։
90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։
Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։
Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում՝ պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։
Օլյա Շահինյան