Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիթորինգ կիրականացնի: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Առցանց ուսուցման հետ կապված խնդիրների շուրջ AraratNews.am-ը զրուցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ սպասվածից ավելի արագ և շատ արդյունավետ դարձավ հրատապ վիճակը:
«Ես չէի էլ պատկերացնում, որ ավագ սերունդն էսպես արագ կինտեգրվի: Շատ ուրախությամբ ուզում եմ ասել, որ մեր հարգարժան դասախոսներն անցել են այդ կարգի ուսուցման: Դե, երիտասարդների համար էլ չեմ ասում»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Ռեկտորը նշեց, որ Կոնսերվատորիայի խնդիրը տեխնիկական հարցը չէ: Կան առարկաներ, որոնք հնրավոր չէ առցանց եղանակով անցկացնել:
«Օրինակ՝ մեր նվագախմբային դասը չի կարող առցանց անցկացվել… Կան կամերային, անսամբլային առարկաները, երգչախմբային առարկան: Կան առարկաներ Կոնսերվատորիայում, որոնք առցանց անցկացնելը, պարզապես, անհնար է»,- նկատեց Կոնսերվատորիայի ռեկտորը:
Սոնա Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատմողական առարկաների դասապրոցեսն առցանց եղանակով իրականացնում են, իսկ «պրոբլեմատիկ» առարկաները կլրացնեն լրացուցիչ ժամանակահատվածում:
«Ուզենք-չուզենք՝ պետք է երկարացնենք դասընթացը, որովհետև եթե մենք դա չանենք, ուրեմն Կոնսերվատորիայի բեռնվածությունն ավելի ծանր է լինելու: Դասարանների խնդիր ունենք: Եվ եթե պատմողականները առցանց անենք, գոնե դասարանների խնդիր չենք ունենա»,- ասաց ռեկտորը:
Անդրադառնալով դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամկետների հավանական երկարացմանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ սպասում են մինչև ապրիլի 15-ը, որպեսզի հստակ որոշում կայացնեն:
«Առայժմ դա անել չենք կարող, քանի որ չգիտենք, թե այս դադարը որքան է»,-հավելեց ռեկտորը:
Օլյա Շահինյան