Կոմպոզիտորների միությունում, ներկայացուցիչների տեղեկացմամբ, լարված մթնոլորտ է, ըստ նրանց միության նախագահի ընտրություններից առաջ, որն անց է կացվելու սույն թվականի հոկտեմբերի 26-ին, կոմպոզիտորները պառակտվել են արդեն ոչ թե երկու, այլ երեք խմբավորումների։ Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը, Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք սպասում են լուրջ փոփոխությունների, մասնավորապես նախագահի փոփոխություն են ակնկալում. «Ինչ Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ միության նախագահ, բազմաթիվ խոստումներից չնչին մասն իրագործեց, այն էլ աղավաղված, արվեստին չծառայող բաներ։ Դրանից էլ առաջացել է պառակտումը, և ես կասեի ոչ թե երկու խմբի են բաժանվել կոմպոզիտորները, այլ երեք խմբի։ Երրորդ խմբի մարդիկ անհասկանալի մարդիկ են, որոնց ասում են այս կողմ գնացեք, հետո ասում են, չէ, անցեք մյուս կողմ:
Ես հավատացնում եմ, որ 10 000 դրամ գումար են առաջարկում ձայնը տալու համար»,- նշել է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը։ «Համագումար անցկացնել և պարզել առաջացած հարցերը, սա է մեր հիմնական խնդիրը եղել միշտ, այս պահանջով 42 կոմպոզիտոր են ստորագրահավաքին միացել, որոնց մեջ, սակայն, գտնվեցին մարդիկ, որոնք եղան Ամիրխանյանի մոտ և կտրուկ մտափոխվեցին, նրանց մեջ էլ եղան դավաճաններ«,- նշել է Բաբայանը:
Վահրամ Բաբայանը նշել է, որ վաղուց արդեն չկա ստեղծագործական միություն, և նախագահն ինչպես ուզում այնպես էլ վարվում է, շրջանցելով նույնիսկ օրենքը։
Կոմպոզիտորը խոսել է նաև միությունում տիրող վախի մթնոլորտի ու Ռոբերտ Ամիրխանյանի պահվածքի մասին։ «Նրա անպատվելու սովորության մասին վաղուց գիտենք՝ երիտասարդներին թշվառներ է անվանում, խուլիգանական ուժային մեթոդներով վախի մթնոլորտում է ստեղծում»,- նշել է Բաբայանը և ավելացրել, որ նա այդպես է իրեն պահում, որովհետեւ գիտի, որ իրեն ամեն ինչ կարելի է, և ինքն ունի ամենաբարձր հովանավորչությունը։ Մեր թղթակցի այն հարցին, թե ստեղծված իրավիճակում, հավանական համարում եք արդար ընտրությունների անցկացումը, Վահրամ Բաբայանը պատասխանել է.
«Եթե հովանավորները հասկանան, թե ում են պաշտպանում, այդ ժամանակ գուցե հաղթենք»,- ասել է նա։
Էմմա Պալյան