Հնարավոր չէ՞ արդյոք Կոմիտաս 5 և Սայաթ Նովա 10 հասցեներում այլ բան կառուցել կամ կառուցապատել ցանկացող սեփականատերերին այլ տեղ սեփականություն տալ: Այս հարցն այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ուղղեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին: Ա. Մարտրոսյանի խոսքով` բնակիչներն այլընտրանքային առաջարկներ են անում, մասնավորապես` Կոմիտաս 5-ում կարելի է վճարովի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, իսկ գետնի վրա` մանկապարտեզ կամ խաղահրապարակ: Իսկ Սայաթ Նովա 10-ում, ըստ նրա, տարածքը չափազանց նեղ է հյուրանոց կառուցելու համար:
Ըստ Բարսեղյանի` Կոմիտաս 5-ում արդեն իսկ ներդրողը հրաժարվել է 14 հարկանի շենքի փոխարեն 7 հարկ կառուցել, ստուգվել են ձայնային և էլեկտրամագնիսական ալիքները` վստահ լինելու համար, որ կառուցապատումը չի խանգարում բնակիչներին: Գլխավոր ճարտարապետի ասելով` այդտեղ նախկին կաթսայատան փոխարեն հենց շենք է պետք կառուցել:
Վերանայումներ են եղել նաև Սայաթ Նովա 10 հասցեում. այնտեղ ոչ թե հյուրանոց, այլ գրասենյակային տարածք է կառուցվելու` ստորգետնյա ավտոկայանատեղիով: