Կոմիտաս 5 ա շենքի բնակչուհի Գոհար Սահակյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ ՀՀ վարչական դատարանը Կոմիտաս 5-ի հարցով բավարարել է Լիբեր ՍՊԸ պահանջը, ըստ որի քաղաքացիները, որոնք բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ շինարարության, պետք է փոխհատուցեն մոտ 40 հազար 600 դոլարի վնասը, կամ էլ պետք է վերացվի շինարարության վրա դրված արգելքը: « ՍՊԸ-ի տնօրենն ասում է, որ մեծ վարկ է վերցրել, տոկոսներ է վճարում և, քանի որ, մեր պահանջով դատարանը որոշում էր կայացրել արգելանք դնել շինարարական աշխատանքների վրա, որոշել է մեզնից վնասի փոխհատուցում պահանջել: Չգիտենք, էլ ինչ տեսակի հաշվարկ են արել, հայտնի էլ չի՝ վարկը հենց այս շինարարության համար է վերցրել, թե չէ: Եթե մենք երեք օրվա ընթացքում չվճարենք այդ գումարը, ապա շինարարական աշխատանքների վրա դրված արգելանքը դուրս է գալու ու, բանականաբար, շարունակվելու են շինարարական աշխատանքները: Բոլորին էլ պարզ է երևի, որ մենք չենք կարող վճարել այդ մեծ գումարը: Մենք ասում ենք, թող գնա քաղաքապետարանից պահանջի, որովհետև քաղաքապետարանի անօրինական թղթերի հիման վրա է, որ նրա գործը կանգնել է»,- նշել է Գոհար Սահակյանը:
Էմմա Պալյան